Ուիլյամ Բըրնս. «ԱՄՆ-ը եւ Թուրքիան կիսում են լայն ռազմավարական մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ” - Mediamax.am

10161 դիտում

Ուիլյամ Բըրնս. «ԱՄՆ-ը եւ Թուրքիան կիսում են լայն ռազմավարական մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ”


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսը

Լուսանկարը` http://www.welt.de


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսն այս շաբաթ այցելել էր Թուրքիա եւ այցի արդյունքներով հարցազրույց տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը: Մեդիամաքսը որոշ կրճատումներով ներկայացնում է այդ հարցազրույցը:

- Նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը շարունակում են մեծ նշանակություն տալ մեր համագործակցությանը Թուրքիայի հետ: Այդ համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա: Ժամանակի եւ տարիների ընթացքում այդ համագործակցության կարեւորությունն երկու պետությունների համար շարունակելու է աճել:

 

Վերջին երկու օրերի ընթացքում ես անց եմ կացրել շատ կառուցողական հանդիպումներ: Քննարկվող հարցերի լայն շրջանակը լավ հիշեցում է, թե ինչ արդյունքների են հասել ԱՄՆ-ը եւ Թուրքիան միասնական աշխատանքով: Մենք քննարկել ենք ընդլայնվող տնտեսական եւ առեւտրական համագործակցությունը, մեր համատեղ աշխատանքը ահաբեկչության, մասնավորապես` Քրդական աշխատավոր կուսակցության /ՔԱԿ/ դեմ, որը սպառնում է Թուրքիային, Իրաքին եւ ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը: Մենք քննարկել ենք Թուրքիայում պատմական սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ ես կրկին հաստատել եմ նախագահի եւ պետքարտուղար Քլինթոնի շահագրգռվածությունը` աջակցելու Թուրքիայի ջանքերին այդ գործընթացն ավելի իմաստալից, թափանցիկ դարձնելու համար, ինչպես նաեւ արտահայտվելու իրավունքի նկատմամբ հարգանքը, որպեսզի Թուրքիայի բոլոր քաղաքացիները կարողանան օգուտ քաղել այդ գործընթացից:

 

Մենք անդրադարձել ենք նաեւ Մերձավոր Արեւելքում կատարվող պատմական փոփոխություններին եւ արտահայտել մեր ընդհանուր հետաքրքրությունը` Եգիպտոսում, Թունիսում եւ Լիբիայում ժողովրդավարությանը բարեհաջող անցման կապակցությամբ: Ակնհայտ է, որ այդ անցումները կձեւավորվեն հենց այդ պետությունների քաղաքացիների կողմից: Այնուհանդերձ, Թուրքիան հաջող մոդել է ներկայացնում մի պետություն, որը կարողանում է համակցել դինամիկ ժողովրդավարական հասարակությունը գլոբալ ընդգրկված ակտիվ տնտեսության եւ  խոր իսլամական ժառանգության եւ մշակույթի հետ:

 

Մենք քննարկել ենք մեր ընդհանուր մտավախությունները Սիրիայի առնչությամբ, մասնավորապես, կարեւորել սեփական ժողովրդի դեմ Ասադի ռեժիմի բռնություններին վերջ դնելու եւ դեպի ժողովրդավարություն արագ անցումն իրականացնելու անհրաժեշտությունը: Մենք վերահաստատել ենք մեր մտահոգությունը` իր միջազգային պարտականությունները եւ միջուկային ծրագրի պարտավորությունները կատարելու Իրանի հրաժարվելու կապակցությամբ: Իմ այցի ընթացքում քննարկված խնդիրների շարքում էին նաեւ իրադարձությունները Իրաքում, Բալկաններում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Կիպրոսում եւ Սուդանում:

 

- Ձեր այցը Անկարա հաջորդեց Ահմեդ Դավութօղլուի` Թեհրան կատարած այցին: Ո՞րն է Ձեր այցի նպատակը եւ ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նման ժամանակի ընտրությունը: Արդյո՞ք թողել եք որեւէ ազդանշան Անկարային, Թուրքիայի պաշտոնական անձանց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների եւ այդ պատժամիջոցներին չմիանալու Թուրքիայի ցանկության առումով:

 

- Իրանն իմ կողմից ներկայացված շատ լայն հարցերի շրջանակի կարեւոր մասն էր: ԱՄՆ-ը եւ Թուրքիան կիսում են իրենց մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ, եւ ընդհանուր շահերից բխում է, որպեսզի Իրանը չստեղծի միջուկային զենք: Կարծում եմ, մենք միասին կարողանում ենք արդյունավետ աշխատել այդ մտավախություններն ընդգծելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած եւ առանձին պետությունների կողմից ընդունված պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Դրանք միջոցներ են նպատակին հասնելու համար, որպեսզի իրանական ղեկավարության համար պարզ դառնա, որ այն պետք է իրականացնի իր միջազգային պարտավորություններն ու պատասխանատվությունը: Մենք ուզում ենք աշխատել Թուրքիայի եւ մեր մյուս գործընկերների հետ, որպեսզի փորձենք դա հստակ դարձնել Իրանի ղեկավարության համար:

 

- Դուք ասացիք, որ կիսում եք մտահոգությունը Իրանի վերաբերյալ, սակայն Ահմեդ Դավութօղլուն վերջերս իր հայտարարության մեջ ասել էր, որ “մենք չենք դիտարկում Իրանը որպես սպառնալիք”: Այսպիսով, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի  քաղաքականությունը: Այս մոտեցումները տարբերվո՞ւմ են, թե՞ համընկնում:

 

- Կարծում եմ, ԱՄՆ-ը եւ Թուրքիան կիսում են լայն ռազմավարական մտահոգությունը միջուկային զենքը զարգացնելու Իրանի հնարավորությունների կապակցությամբ: Կարծում եմ, մեր երկու պետություններն էլ լիովին համամիտ են, որ դա կլինի վտանգավոր եւ ապակայունացնող զարգացում ողջ տարածաշրջանի համար: Այո, ճիշտ է, որ մենք երբեմն տարաձայնություններ ենք ունենում մարտավարության հարցում, սակայն կարծում եմ, որ մենք կիսում ենք այդ ռազմավարական մտահոգությունը, եւ դա չափազանց կարեւոր է:

- Արդյո՞ք ԱՄՆ-ը ձեռնարկում է նոր քայլեր` աջակցելու Թուրքիայի ջանքերին ահաբեկչության, մասնավորապես` ՔԱԿ-ի դեմ պայքարում:

 

- Մենք շարունակում ենք աջակցել Թուրքիայի պայքարին մեր ընդհանուր թշնամու` Քրդական աշխատավոր կուսակցության դեմ: Մենք շարունակում ենք հետագա գործնական քայլեր որոնել համագործակցության համար եւ ցույց տալ, որ Թուրքիայի հետ աշխատելու մեր պարտավորությունը ՔԱԿ-ի դեմ համատեղ պայքարում նույնքան ամուր է, ինչպես նախկինում:

- Ինչպե՞ս եք գնահատել վերջին զարգացումները եւ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: Շատերը ասում են, որ ներկայիս սիրիական ռեժիմը զուր տեղը ժամանակ է կորցնում: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Ասադին բնութագրել է որպես “քայլող մեռել”:

 

- Նախագահ Օբաման միանշանակ հայտարարել է, որ Բաշար ալ Ասադը կորցրել է լեգիտիմությունը եւ Սիրիան  կառավարելու կարողությունը, եւ որքան շուտ Սիրիայում անցկացվեն ժողովրդավարական փոփոխություններ, այնքան ավելի լավ կլինի սիրիական ժողովրդի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Բռնությունները շարունակվում են, աճում է ողջ տարածաշրջանի կայունության վտանգը:

 

Այս մարտահրավերի առումով Թուրքիան խաղում է շատ դրական եւ կառուցողական դեր: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Թուրքիայի հետ: ԱՄՆ-ը եւ Թուրքիան  կիսում ենք հակակրանքը վերջին ամիսների ընթացում սիրիական ռեժիմի կողմից իրականացվող՝ մարդու իրավունքների խախտման եւ բռնությունների հանդեպ: Թուրքիայի հետ միասին մենք ուզում ենք համատեղ աշխատել միջազգային հանրության այլ մասնակիցների հետ՝ լինի դա Արաբական պետությունների լիգան, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` առավել արագ ժողովրդավարական փոփոխության հասնելու նպատակով:

 

- Որոշ վերլուծաբաններ ասում են, որ տարածաշրջանը հայտնվել է նոր Սառը պատերազմի սպառնալիքի ներքո: Նախքան իր այցը Թեհրան Ահմեդ Դավութօղլուն նույնպես ասել էր, որ Թուրքիան որոշել է կանխել այդ նոր Սառը պատերազմը: Դուք համամի՞տ եք նոր Սառը պատերազմի գաղափարին:

 

- Եվ ԱՄՆ-ին, եւ Թուրքիային մտահոգում է բեւեռացման վտանգը: Թուրքիան կարողացել է ապահովել տնտեսապես հաջող պետության շատ կարեւոր մոդելը, որը հիմնված է ամուր ժողովրդավարության հիմքերի, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման համար ջանքեր ներդնելու վրա: Մեզ համար չափազանց կարեւոր է աշխատել Թուրքիայի հետ` քաջալերելու բարեհաջող ժողովրդավարական փոփոխություններն այն արաբական երկրներում, որտեղ արդեն տեղի են ունեցել հեղափոխություններ` Եգիպտոսում, Թունիսում եւ Լիբիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին