Փաշինյանը երկու հանդիպում է ունեցել Պուտինի հետ - Mediamax.am

3937 դիտում

Փաշինյանը երկու հանդիպում է ունեցել Պուտինի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում երկու հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան Փաշինյանը գրել էր.

 

«Եւս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»:

 

Ավելի վաղ, առաջին հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետը գրել էր.

 

«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:

 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, առաջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Մեզ համար շատ կարեւոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է եւ մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»:  

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ասել էր.

 

«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների եւ տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երեւանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են եւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, եւ, որ, ավելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջեւ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաեւ շնորհակալություն հայտնել»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին