Հայաստանը Բելառուսի լավ ու վստահելի ընկերն է, ասել է Լուկաշենկոն - Mediamax.am

4573 դիտում

Հայաստանը Բելառուսի լավ ու վստահելի ընկերն է, ասել է Լուկաշենկոն


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանը, ի դեմս Բելառուսի, ունեցել եւ մշտապես ունենալու է լավ ու վստահելի ընկեր»:

Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Մինսկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

«Լավ է, որ եկել եք Բելառուս: Ձեր այցը Մինսկ եւ մասնակցությունը անվտանգության հարցով հանդիպմանը խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլեւ այն խիստ կարեւոր է հայ ժողովրդի համար»,- ասել է Բելառուսի նախագահը:

 

Նա ընդգծել է, որ Բելառուսը, Հայաստանի հետ աշխատելով ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, հետեւողականորեն կատարում է իր պայմանավորվածությունները:

 

«Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետեւաբար, ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում եւ կընդունենք համապատասխան որոշում։ Գիտեմ, որ դուք բարդ ժողովրդավարական փոփոխություններ եք ապրում, դրանից ոչ մի տեղ չես փախչի, եւ, իհարկե, տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, իմ ընկերոջից, գործընկերոջից, ինձ համար շատ կարեւոր է»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Նշելով, որ Բելառուսի համար կարեւոր էր հետեւել բարեկամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Մենք ի դեմս Ձեզ տեսնում ենք այն մարդուն, ով օբյեկտիվ է, իրատես ու պատրաստ է աջակցել Բելառուսի հետ հարաբերություններին, եւ մենք փոխադարձ պատասխան ենք տալիս այս ամենին»:

 

Լուկաշենկոն որոշել է «հոգ տանել» Հայաստանի մասին

Արմեն Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերին Բելառուսի նախագահի աջակցության համար: 

 

«Ես եւ՛ որպես նախագահ, եւ՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից: Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից, ում ոչ թե միայն հետաքրքրի է, այլ ում համար եւ՛ ցավալի է, եւ՛ ուրախալի, մարդ, ընկեր, ով ցանկանում է իմանալ եւ օգնել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին