Կոնգրեսականները Թրամփին առաջարկում են հանդիպել Փաշինյանի հետ - Mediamax.am

6781 դիտում

Կոնգրեսականները Թրամփին առաջարկում են հանդիպել Փաշինյանի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի ղեկավարները ստորագրահավաք են սկսել ԱՄՆ նախագահին ուղղված նամակի տակ, որում Դոնալդ Թրամփին առաջարկում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս սեպտեմբերին կայցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով:

Կոնգրեսի իրենց գործընկերներին ուղղված նամակում Հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սպեյերը, Դեյվ Թրոթը, Դէվիդ Վալադաոն եւ փոխնախագահներ Գուս Բիրիլակիսը եւ Ադամ Շիֆը գրում են, որ «վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է առաջ տանել հայկական խնդիրները տեղական եւ միջազգային մակարդակներում եւ հայտարարել է ԱՄՆ-ի հետ կապերը խորացնելու իր մտադրության մասին»:

 

«Անկասկած, նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի զրույցը կարեւոր կլինի մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության համար», - գրում են Հայկական հարցերով խմբի ղեկավարները:

 

Դոնալդ Թրամփին ուղղված նամակում ասված է, որ «Թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված խաղաղ բողոքները կարող են օրինակ լինել այն երկրների համար, որոնք ձգտում են ժողովրդավարության: Երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ավելի ամուր դիվանագիտական հարաբերություններ զարգացնի մեր արեւմտյան գործընկերների հետ եւ առաջընթաց արձանագրի որպես ժողովրդավարական պետություն Եվրասիայում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին