Երեւան: Մեդիամաքս: Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը նամակ է հրապարակել Financial Times թերթում, որտեղ պատմել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ նախկինում ունեցած իր շփման մասին:
Արմեն Մարտիրոսյանն արձագանքել է ապրիլի 7-ին Financial Times-ում հրապարակված հոդվածին, որում Ջոն Բոլթոնին «Վաշինգթոնի ամենաագրեսիվ արծիվ» էին անվանել:
«2005 թվականին, երբ Հայաստանի մշտական ներկայացուցիչն էի ՄԱԿ-ում, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ դեսպան Բոլթոնի վարած ագրեսիվ քարոզարշավի ականատեսն էի: Հայաստանի դիրքորոշումը չէր համապատասխանում ԱՄՆ սպասումներին, ուստի ՄԱԿ-ում ամերիկյան առաքելություն կապվեց մեզ հետ՝ պարոն Բոլթոնի հետ շտապ հանդիպման առաջարկությամբ:
Հստակ էր, որ պարոն Բոլթոնը պատրաստ չէր լսել «ոչ» պատասխանը, ուստի իրավիճակը թելադրում էր ոչ սովորական լուծումներ: Ողջույնի կարճ խոսքերից հետո, ի զարմանս իմ հյուրի, հանեցի Հայաստանի քարտեզը եւ փռեցի այն սեղանին: Քարտեզի օգնությամբ նկարագրեցի այն տարածաշրջանային դժվարությունները, որ ունի իմ երկիրը եւ պարզաբանեցի մեր դիրքորոշումը բանաձեւի հարցում:
Հրաժեշտից առաջ պարոն Բոլթոնը մի կում արեց Չերչիլի սիրած Արարատ կոնյակից՝ ի նշան մեր փոխըմբռնման:
Իմ խորհուրդն է պարոն Բոլթոնի բոլոր հավանական զրուցակիցներին՝ ընկալել նրան իբրեւ մի մարդու, որ կարող է կառուցողական երկխոսության մեջ ներքաշվել եւ համապատասխանեցնել իր դիրքորոշումները նոր ստացված տեղեկություններին», - գրել է Արմեն Մարտիրոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: