Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ասել է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԵՄ հանձնակատարը այդ մասին ասել է հոկտեմբերի 26-ին Տալլինում, ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կոնֆերանսին:
«Հայաստանի հետ համաձայնագիրը, միանշանակ, ստորագրվելու է, եւ դրա շուրջ որեւէ քննարկում չկա», - ասել է Հանը՝ պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին:
ԵՄ հանձնակատարը ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրոպական միության հետ, ինչը ցույց է տալիս, որ «համակեցությունը հնարավոր է»:
«Սա կարող է օրինակ ծառայել մյուսների համար», - հավելել է Յոհանես Հանը:
















