Հարավային Կովկասի գիտակը կարեւոր պաշտոն կստանձնի Սպիտակ տանը - Mediamax.am

exclusive
10622 դիտում

Հարավային Կովկասի գիտակը կարեւոր պաշտոն կստանձնի Սպիտակ տանը


Ֆիոնա Հիլը
Ֆիոնա Հիլը

Լուսանկարը` http://russiancouncil.ru


Երեւան: Մեդիամաքս: Brookings Institution-ի փորձագետ Ֆիոնա Հիլին առաջարկվել է զբաղեցնել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի եւ Ազգային անվտանգության Խորհրդում Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։

Ինչպես գրում է Foreign Policy ամսագիրը, Դոնալդ Թրամփի այդ որոշումը կստանա ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների եւ դեմոկրատների հավանությունը։

 

Ամերիկյան ԶԼՄ-ները Ֆիոնա Հիլին բնութագրում են հիմնականում որպես «Պուտինի քննադատ»։

 

Մեդիամաքսը նշում է, որ նա այն եզակի ամերիկյան փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին եւ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին։

   

2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։

 

«Կովկասում բոլոր խաղացողները միայն սեփական խաղն են վարում։ Շատ հետաքրքիր է համեմատել Կովկասը Բալթյան երկրների հետ, որտեղ տարվել են ու շարունակվում են նույն քննարկումները, ինչպես Կովկասում՝ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մասին եւ այլն։ Բալթյան երկրները հաջողությամբ լուծել են այդ հարցերը, քանի որ միասին էին գործում։ Կովկասում ամեն բան հակառակ կերպ է ընդանում։ Չկա մի ընդհանուր օրակարգ, որը կօժանդակեր տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։ Գլխավոր խնդիրը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է։ Ես վստահ չեմ, որ Վրաստանը կարող է կամուրջի դեր խաղալ, կապելով տարածաշրջանի երկրները, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը։ Այժմ մենք ականատես ենք տարածաշրջանի երեք պետությունների մրցակցությանը, ընդ որում, այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգթոնում», - այն ժամանակ ասել էր Հիլը Washington ProFile-ին տված հարցազրույցում։

 

2010 թ․ հոկտեմբերին Ֆիոնա Հիլը հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը այսուհետ չի կարելի սառեցված համարել»։

 

«Ակնհայտ է դառնում, որ կրակոցների ու զոհերի թիվը շփման գծում շարունակում է աճել, իսկ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի։ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել, սակայն դրան զուգահեռ ՌԴ նախագահը գնում է Բաքու եւ զինում է հակամարտության մյուս կողմը, ինչն էլ ավելի է մեծացնում նոր պատերազմի հավանականությունը», - ասել էր Հիլը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2015 թ․ հունիսին Ֆիոնա Հիլը երկու գործընկերների հետ համատեղ հրապարակել էր «Վստահության խաղեր․ Ադրբեջան, Եվրոպական խաղեր եւ Արեւմուտք» հոդվածը, որում վերլուծել էր Բաքվի եւ արեւմտյան գործընկերների հարաբերությունների վատթարացման պատճառները։

 

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Բաքվի ընկալմամբ, Արեւմուտքի կտրուկ արձագանքը եւ պատժամիջոցները Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո,  «կտրուկ տարբերվել է բավականին պասիվ միջազգային արձագանքից՝ Ադրբեջանի տարածքի գրեթե մեկ հինգերորդը Հայաստանի կողմից սատարվող ուժերի կողմից օկուպացման վերաբերյալ»։

 

Հոդվածի հեղինակները գրել էին, որ Ադրբեջանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վերականգման ճանապարհներից մեկը կարող է լինել ԼՂ հարցի լուծմանը ուղղված ջանքերի ակտիվացումը, «որոնք կուղեկցվեն երկու կողմի համար խաղաղության օգուտները ցուցադրող իրական ազդակներով»։

 

«Արեւմուտքը պետք է ուժեղացնի իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, միեւնույն ժամանակ իրատես մնալով եւ չափից շատ չխոստանալով», - գրել էին Ֆիոնա Հիլն ու համահեղինակները։

 

2006-2009 թթ․ Ֆիոնա Հիլը աշխատել է ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդում, որտեղ զբաղվել է Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով։

 

2013 թ․ Ֆիոնա Հիլը հրապարակել է «Պարոն Պուտին․ օպերատիվ աշխատակիցը Կրեմլում» գիրքը, որը լրացումներով վերահրատարակվել է 2015 թ․։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին