Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել:
Նախարարն այս մասին ասել է Վիեննայում Միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովում:
«Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն եւ կանոնավոր համագործակցություն է ծավալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ»,- ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները եւ գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, եւ հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը:
«Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, անհարգալի վերաբերմունք դրսեւորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ, փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: