ՀՀ-ն կրկին կփորձի գումար ստանալ «Հազարամյակի մարտահրավերներից» - Mediamax.am

exclusive
8523 դիտում

ՀՀ-ն կրկին կփորձի գումար ստանալ «Հազարամյակի մարտահրավերներից»


Սերժ Սարգսյանը եւ Ջոն Քերին
Սերժ Սարգսյանը եւ Ջոն Քերին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) ծրագրի երկրորդ փուլին Հայաստանի մասնակցության հարցն այսօր հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է:

Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«Հարցը քննարկվել է նաեւ ս.թ. հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համանախագահությամբ կայացած հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում»,- նշված է պատասխանում:

 

Հարցին, թե այս պահի դրությամբ Հայաստանի ցուցանիշները որքանով են համապատասխանում ծրագրին կրկին դիմելու համար, կառավարությունից պատասխանել են.

 

«ՀՄԿ-ի կողմից ընտրվում են այն երկրները, որոնց հնարավորություն է տրվում մասնակցել կորպորացիայի ծրագրին՝ հաշվի առնելով տվյալ երկրի ցուցանիշները: Այդ ցուցանիշները դինամիկ են եւ հարաբերական, կարեւոր է ոչ միայն դրանց բացարձակ համաթիվը, այլեւ այն, թե այլ երկրների համեմատ որտեղ ենք մենք գտնվում: Կորպորացիան քննարկում է միայն դիտարկվող երկրներում միջինից բարձր ցուցանիշներ ունեցող երկրների հետ պայմանագրի քննարկման հարցը»:   

 

Կառավարությունում ընդգծել են, որ Հայաստանում կարեւորում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հնարավորությունը:

 

ՀՄԿ-ի ծրագրի համակարգող խմբից էլ Մեդիամաքսին հայտնել են, որ շուտով հրապարակվելու է ծրագրի 2017թ. չափանիշների համակարգը, իսկ դեկտեմբերին ՀՄԿ-ի տնօրենների խորհուրդը կընտրի նոր գործընկեր երկրների ցանկը:

 

«Հայաստանը ՀՄԿ-ի հետ 2011թ. ավարտել է հինգ տարվա փաթեթը: Հաջորդ փաթեթում ներառվելու համար մրցակցությունը շատ բարձր է, քանի որ հիմա չափանիշներն ավելի բարձր են, քան նախկինում էր: Սա պատճառաբանվում է նրանով, որ ՀՄԿ-ի տնօրենների խորհուրդը ցանկանում է երկրի կողմից տեսնել ավելի լավ կառավարելու վճռականություն, կատարողականություն եւ բարեփոխումներ իրականացնելու մեծ ցանկություն»,- նշել են ՀՄԿ-ում՝ ընդգծելով, որ Հայաստանն այս պահի դրությամբ իրավասություն չունի դիմելու ծրագրին, սակայն ՀՄԿ տնօրենների խորհուրդը Հայաստանի մասնակցության հարցը կքննարկի դեկտեմբերին նախատեսված ժողովի ընթացքում:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2006-2011 թթ. այս ծրագրի շրջանակում առաջին փուլով ընդհանուր առմամբ Հայաստանում ծախսվել է $‌177 մլն, որն ուղղվել է գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը: Վերջին տարիներին Հայաստանը դիմել է ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու հայցով, սակայն մերժվել է, քանի որ ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է եղել:

 

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ստեղծվել է 2004թ. ԱՄՆ կառավարության կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին