Հայաստանը բոյկոտում է ՄԱԿ-ի ֆորումը Բաքվում - Mediamax.am

9127 դիտում

Հայաստանը բոյկոտում է ՄԱԿ-ի ֆորումը Բաքվում


Լուսանկարը` http://slovenia.tolerancamarketi.netdna-cdn.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումն ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները:

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում, որի տեքստն ապրիլի 19-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին:

 

«2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված` 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին եւ նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները եւ հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ:

 

«ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ եւ սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային եւ կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն եւ սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

 

Հայաստանը կոչ է արել չեղարկել Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում:

 

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին