Հայկական սփյուռք. հայացք Լոնդոնից - Mediamax.am

7804 դիտում

Հայկական սփյուռք. հայացք Լոնդոնից


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը

Լուսանկարը` REUTERS/Luke MacGregor


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել է «Հայկական սփյուռք. դերն ու ազդեցությունը» (Armenia’s Diaspora – Its Role & Influence) զեկույցը: Մեդիամաքս-ն ընթերցողներին է ներկայացնում փաստաթղթից որոշ հատվածներ:

 

****

 

Հետխորհրդային երկրներից ամենամեծը Հայաստանի սփյուռքն է, որի մեծ մասը կենտրոնացած է Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Այս գործոնը օժանդակության հսկայական աղբյուր է երկրի համար, միաժամանակ՝ այն սահմանափակում է Երեւանի՝ մանեւրելու հնարավորությունները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Ամենայն հավանականությամբ, հետագայում եւս այս իրավիճակը չի փոխվի:

 

****

 

Սփյուռքի աջակցությունը որոշիչ դեր է ունեցել Հայաստանի տնտեսական գոյության պահպանման ու զարգացման գործում: 1991թ-ից Հայաստանը մի քանի միլիարդ դոլար ֆինանսական օժանդակություն է ստացել ԱՄՆ-ի Սփյուռքից: Ամենահայտնի դոնորներից մեկը Լինսի հիմնադրամն էր՝ Կալիֆոռնիայի մագնատ Քըրք Քրքորյանի ղեկավարությամբ, որը Հայաստանի անկախանալու պահից ի վեր՝ 300 մլն դոլարի ներդրում է կատարել երկրում: Վերջին շրջանում, սակայն, ամենատպավորիչ ֆինանսական հոսքերը Հայաստան են գալիս Ռուսաստանի Սփյուռքից: Օրինակ՝ 2008թ. Ռուսաստանում աշխատող հայերի կատարած դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի պաշտոնական ՀՆԱ-ի 15%-ը (ոմանք կարծում են, թե «ստվերային» վճարումները ներառող իրական թվերը կարող են կրկնակի մեծ լինել):

 

****

 

Հայաստանի իշխանությունները լիովին գիտակցում են Հայկական սփյուռքի դերը մի պետության համար, որը զուրկ է բնական պաշարներից: Նախագահ Սարգսյանի օրոք ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Հայկական սփյուռքում գործող կազմակերպությունների մեծ մասը մինչեւ այս քիչ ուշադրություն էր դարձնում Հայաստանում ներքին կառավարման/ժողովրդավարության ձեւավորման հարցերին: Այնուամենայնիվ, համաշխարհային Սփյուռքի որոշ անդամների մոտ կարծիք է ձեւավորվել, թե վերջին 10 տարիներին Հայաստանի կառավարությանը չի հաջողվել օգտագործել Սփյուռքի ներուժը՝ երկրի տնտեսության վերականգման կամ ժողովրդավարության հաստատման համար: Մասնավորապես՝ տնտեսական քաղաքականությունը շարունակում է սահմանափակ մնալ օլիգարխիկ թեքման պատճառով, ինչից տուժել են Սփյուռքի որոշ խոշոր ներդրողներ:

 

****

 

Արտաքին քաղաքականության ոլորտում պարբերաբար լարվածություն է առաջանում կառավարող վարչակազմի ու գլոբալ Սփյուռքի միջեւ, հիմնականում Թուրքիայի նկատմամբ կամ Լեռնային Ղարաբաղի հարցով տարվող քաղաքականության պատճառով: Այս երեւույթի ամենաակնառու օրինակն արձանագրվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որի հարաբերությունները Սփյուռքի ամենաազգայնական տրամադրվածություն ունեցող տարրերի հետ դժվարամատչելի էին՝ հաշվի առնելով վերջիններիս անվստահությունը նախագահի հանդեպ՝ նրա չափազանց մեծ զիջումների գնալու հնարավոր պատրաստակամության պատճառով: Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Դաշնակցություն կուսակցության գործունեությունը Հայաստանում անօրինական հայտարարվեց, իսկ 1998թ. նրա հրաժարականը մասամբ պայմանավորված էր Սփյուռքից եկող դժգոհության հսկայական ալիքով՝ Ղարաբաղի հարցում «անընդունելի» փոխզիջումների համար: Նախագահը, իր հերթին, քննադատում էր Սփյուռքին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների անիրատեսական գնահատականների համար: Նախագահ Սարգսյանին, ընդհակառակը, ավելի քիչ են քննադատում Սփյուռքում (մասամբ նրա ղարաբաղյան արմատների ու անձնական մասնակցության համար Ղարաբաղի «ազատագրման» գործում): Միաժամանակ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կտրականապես դեմ արտահայտվեց 2009թ. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրմանը: Սակայն հիմնական քննադատությունները ուղղված էին ոչ թե Սարգսյանի, այլ ԱՄՆ-ի դեմ, որն իբրեւ «դրդում» է Երեւանին ստորագրել արձանագրությունները:

 

****

 

Երեւանի տեսանկյունից՝ Սփյուռքի հետ գործակցության դրական կողմերը մշտապես գերակշռելու են բացասականներին: Սփյուռքի օժանդակությունը շարունակում է որոշիչ դեր ունենալ Հայաստանի տնտեսական կյանքում՝ թշնամական շրջապատման պայմաններում: Արտաքին քաղաքականության մեջ, սակայն, Սփյուռքի որոշ տարրերի տրամադրությունները զգալի խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի կողմից փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհին՝ Ղարաբաղյան հարցում ու Թուրքիայի հետ հարաբերություններում:

 

Հետաքրքրական է Ռուսաստանի Սփյուռքի դիրքորոշումը, որը, որոշ տվյալների համաձայն, Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական համայնքն է: Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի «հին» համայնքների՝ Ռուսաստանի հայերը մինչ այժմ նվազ հետաքրքրություն են ցուցաբերում բնակության երկրում լոբբիստական գործունեության նկատմամբ, օրինակ, «Ցեղասպանության» հարցում: Հաշվի առնելով ռուսաստանյան ռեժիմի բնույթը, նրա հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում աշխատող մեծաթիվ հայ աշխատանքային միգրանտների «ապաքաղաքական» մոտեցումները, քիչ հավանական է, որ պատկերը մոտ ապագայում կփոխվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին