Գրիգորի Կանցյան. Իմ աղջիկը - Mediamax.am

Հունվար 26, 2026
4949 դիտում

Գրիգորի Կանցյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


...Ու արքայազնը, թափահարելով արաբական հովատակի ոսկեպախուրց ղեկարանը, հաղթասլաց ոստյունով կանգ առավ լքված ապարանքի մամռակալած պարիսպների առջեւ, որոնք եւս հմայվում էին միայն եւ միայն քո գեղեցկությամբ...

 

Էլի չհասցրեցի ավարտել: Խաղաղ քուն քեզ, հրեշտա՛կս:

 

Դժվարանում եմ դուրս գալ սենյակիցդ: Մանկական անմեղ հայացքիդ օվկիանոսում որքան էլ կախարդվեմ, միեւնույն է, չեմ կշտանում, աչուկներիդ փակված ծիրում ես տեսնում եմ ինձ՝ խրոխտ, ինքնասածի չմահավանիս, նահապետական վարքուբարքով ալեզարդ ծերունուս...Այդ առասպելական եդեմակերտում զգում եմ մորդ՝ կանացի, առինքնող, հեզ...պատկերացնում երկու տատիկներիդ՝ սիրագորով, բարեհամբյուր...նմանեցնում պապիկներիդ՝ ամենաթող, աշխարհընկալ հրճվանքով...ընկալում եմ Հայաստանս՝ մտամոլոր, կռվախնձոր...

 

Անզուգական երեւույթ ես, Ծովաստղի՛կս, սպայի պատվից էլ արժանապատիվ՝ խոստանում եմ՝ քանի ես կամ, շնչում եմ, Մասիսների պես թիկնելու եմ թիկունքիդ, սնելու եմ բարոյական ու հոգեւոր բարձրարժեք կերակուրներով, զուգելու եմ նորաձեւ ու ժամանակակից, կրելու ես թանկարժեք արդուզարդ: Էությու՛նս, դու վարելու ես քաղաքի ամենագունեղ մեքենան, քեզ համար չի լինելու փակ դուռ. ուսանելու եմ ուղարկելու աշխարհի լավագույն համալսարանները, հավատա՛, նպաստելու եմ, որպեսզի նվաճես համաշխարհային բեմեր...

 

Աստված մի արասցե, եթե պետք լինի, պատրաստ եմ կյանքի գնով բախվել հասարակություն կոչվող ամենակուլ ժայռին՝ օրհնելով անօրհնելին, միայն թե քեզ համար լավ լինի, սիրու՛նս:

 

Տե՛ր, ամենազոր, ուժ տու՛ր բազկիս, մտքիս, գրպանիս...

 

Հիշու՞մ ես, աղջի՛կս,  բոլորովին վերջերս, երբ քեզ տուն էի բերում պարի պարապմունքից, քո քնքուշ ձայնով հարցրեցիր.

 

-Պապա՛, տեսնու՞մ ես այն պուպուշ կարապներին, ինչպե՞ս են լողանում:

 

-Այո՛, տեսնում եմ,- պատասխանեցի քեզ:

 

-Պապա՛, կլինի՞ ամառը շուտ, շա՛տ շուտ գա, որ մենք էլ նրանց նման լողանա՞նք:

 

Ո՛չ, անգի՞նս, իհարկե չի լինի, որովհետեւ ամեն ժամանակ գալիս է իր ժամանակին: Իսկ եթե անկեղծ՝ ուզում եմ, որ ժամանակը, առհասարակ, կանգ առնի, որպեսզի անվե՛րջ ըմբոշխնեմ կյանքիս եթերային այս ժամանակը:

 

Գիտե՞ս, Ջուլիետա՛, երբ մեծանաս, մեծ աղջիկ դառնաս, քո կյանքում կհայտնվի ինձ համար շատ ատելի մի արքայորդի, ով կկտրի ադամանդակուռ հեքիաթաթելս՝ քեզ խլելով մեզանից: Ճիշտ է, ես անընդհատ կաղոթեմ ձեր բարօրության համար, սակայն միաժամանակ հոգուս խորքում կըմբոստանամ աշխարհքի բնականոն դրվածքի դեմ...

 

Այդ բարձրաճաշակ ասպետը քեզ կսիրի այնքան լիաթոք, որքան ես ու մենք չենք կարողանա, կգուրգուրի այնքան ջերմ, որքան ես ու մենք չենք կարողանա, գուցե վշտացնի այնպես, որ հոգուդ հախճապակին կպցնել չկարողանանք...

 

Դուք նույնպես կունենաք մոլորակ-մոլորակներ, որոնց համար բոլորս կխելագարվենք, բայց նրանք կսավառնեն օտար ուղեծիրներում....

 

Ի՛նչ լավ է, որ ոչինչ չես լսում ու չես  հասկանում, այլապես դառը ճշմարտությունը կպատռի հայրիկիդ հրեշտակի դիմակը:

 

Ջերմասփյուռ ջրահարս ես, Ջուլիետա,

ՈՒրբաթեղեն ուղենիշը ուխտերիս,

Լիակատար լուսնաժպիտ, Լուսնետա,

Իմ իղձերի իշխանուհին, իսկուհին:

Երեխա չես, երազանք ես, երկնային,

Տիրոջ տաղով տրված տաքուկ տիեզերք,

Աստվածային արարչության արգասիք

Թող որ հայրդ մատաղ լինի քեզ, բալես...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին