Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ մայիսի 6-ին կայացած "ընտրություններն իրապես անցան շատ պատշաճ մակարդակով”:
“Իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել ուղղումներ, սակայն բացթողումները պետք է հաշվի առնվեն, որպեսզի հաջորդ ընտրությունները կարողանանք էլ ավելի բարձր որակով անցկացնել՝ շտկելով այդ բացթողումները”, - ասել է նա Մեդիամաքս-ի հետ զրույցում:
Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ դիտորդների գնահատականները, ընդհանուր առմամբ, դրական էին: Նա նշել է, որ ընտրությունները քննարկման առարկա կդառնան ԵԽԽՎ-ի մշտական կոմիտեի (PACE Standing Committee) նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին Տիրանայում:
Նախնական տվյալներով, Ազգային Ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը կունենա 68 պատգամավոր:
















