Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր ասել է, որ փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նկատվել են «որոշակի դրական ազդանշաններ»:
Մեդիամաքսի թղթակցի հետ հարցազրույցում նա ասել է, որ Հրազդանում «նկատվել է ուժեղ քաղաքական քարոզարշավ եւ մրցակցություն, քանի որ այնտեղ առաջադրվել էին երկու ուժեղ թեկնածուներ»:
«Մենք ակնկալում ենք իրական քաղաքական մրցակցություն տեսնել նաեւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է դեսպանը:
Նա Մեդիամաքսին հայտնել է, որ անձամբ է հետեւել Հրազդանում կայացած ընտրություններին, զրուցել երկու կողմերի, ԿԸՀ ներկայացուցիչների եւ մի շարք դիտորդների հետ:
«Ուրախ էի տեսնելու, որ ընտրատեղամասերը կարգին վիճակում են: Երկու կողմերն էլ հաստատել են, որ ընտրական գործընթացները թափանցիկ են եղել», - ասել է ամերիկացի դիվանագետը:
Պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, որ ՀՀ ԿԸՀ-ն հրաժարվել էր ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին Հրազդանում կայացած ընտրություններում դիտորդի կարգավիճակ տալ, Ջոն Հեֆերնը նշել է, որ «շատ մտահոգված չէ այդ հանգամանքով, իսկ աշխատանքը կշարունակվի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին»:
«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ: Մենք աշխատում ենք ԿԸՀ-ի, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ համատեղ, որպեսզի այս ընտրություններն անցնեն ազատ եւ արդար», - ասել է Ջոն Հեֆերնը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: