Ուսման վարձերի թանկացման պատճառներն ու նպատակները - Mediamax.am

5631 դիտում

Ուսման վարձերի թանկացման պատճառներն ու նպատակները


Լուսանկարը` http://jeffreyhill.typepad.com


2013-2014 ուսումնական տարում Հայաստանի հինգ պետական բուհեր ընդունված ուսանողները ուսման համար կվճարեն ավելի շատ, քան նախորդ տարիներին ընդունվածները: Ինչո՞վ է պայմանավորված ուսման վարձի թանկացումը, ի՞նչ նպատակներով են օգտագործվելու ավելացված գումարներն ու արդյո՞ք դրա արդյունքում կբարձրացվեն դասախոսների աշխատավարձերը. փորձել է պարզել Մեդիամաքս-ի թղթակիցը:

 

Երեւանի պետական համալսարանում ուսման վարձավճարը բակալավրի 59 մասնագիտությունների համար բարձրացել է 100 000 ՀՀ դրամով, իսկ մագիստրատուրայինը` 20-ից 100 000-ով: Ներկայումս մայր բուհում ուսման  նվազագույն վարձավճարը 400 000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 800.000: Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել է ԵՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, վերջին 2-3 տարիներին այստեղ  ուսման վարձը չի ավելացվել, իսկ ներկայիս ավելացումների դեպքում բուհի 59 մասնագիտությունների մեծ մասի` 32-ի համար սահմանվել է նվազագույն` 400 000 ՀՀ դրամ վարձավճարը:

 

Կարեն Գրիգորյանը նշել է, որ վերջին տարիներին բուհի ծախսերը շատացել են:

 

«Բուհն այժմ մեկ ուսանողուհի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է ինչպես կահավորանքի, այնպես էլ տեխնիկական եւ լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ»,-ասել է նա: Մեր զրուցակիցը շեշտել է, որ անգամ վարձավճարի բարձրացման դեպքում բուհը դրանից ավելին է ծախսում ուսանողի վրա. «Օրինակ,  բնագիտական մասնագիտությունների գծով, որտեղ սահմանվել է նվազագույն վարձավճար, բուհի համար 1 ուսանող պատրաստելն ավելի թանկ է արժենում»:

 

ԵՊՀ-ում քննարկվում է նաեւ դասախոսների աշխատավարձի բարձրացման հարցը.

 

«Այս պահին հստակ չեմ կարող ասել`  երբ եւ որքան կլինի բարձրացումը, սակայն մենք նախատեսում ենք մոտ 10% հնարավոր բարձրացում, ինչը կարող է լինել սեպտեմբերին կամ գալիք տարվա հունվարին` պայմանավորված ուսանողների հստակ թվով եւ հետագա ծախսերով»,- նշել է ԵՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը:

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մեզ փոխանցեցին, որ

2013-2014 ուսումնական տարվանից այստեղ ուսման վարձավճարները բարձրացել են 100 000 դրամով՝ բացառությամբ երկու մասնագիտությունների, որոնց դեպքում թանկացումը կազմել է 150 000 դրամ:

 

«Մեր համալսարանում միջին ուսման վարձերը առկա բակալավրիատում 400-450 000, իսկ հեռակա բակալավրիատում 250-280 000 դրամի շրջակայքում են», - ասացին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում:

 

Ուսման վարձի բարձրացման արդյունքում դիմորդների թվի կրճատման մտավախություն բուհը չունի. «Այս տարվա ընդունելության պատկերն էլ դրա վկայությունն է, քանի որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իրեն հատկացված ուսման տեղերից ավելի շատ դիմում-հայտեր է ստացել»:

 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նպատակներով են ծախսվելու ուսման վարձերից ստացված գումարները, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում նշել են. «Մեր բուհը եզակի նախաձեռնությամբ է հանդես գալու՝ ներկայացնելով սոցիալական փաթեթ: Համալսարանում մշակվել է ուսանողական նպաստի, պետական եւ անվանական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգ, որով նախատեսվում է ուսման վարձերից ստացվող գումարների զգալի մասն ուղղել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը՝ նրանց համար սահմանելով նպաստների, կրթաթոշակների, զեղչերի, փոխհատուցումների ճկուն համակարգ: Այն կանոնակարգելու է նաեւ մարզերից եկած ուսանողներին  հանրակացարանային պայմաններով ապահովելու, որոշ դեպքերում նաեւ անվճար սնունդ հատկացնելու հարցերը: Այս համակարգը կտարածվի  լավ սովորող, բայց սոցիալապես անապահով առաջին կուրսերի ուսանողների վրա, որոնց միջին որակական գնահատականը պետք է համապատասխանի սահմանված շեմին: Իսկ մյուս կուրսերի ուսանողների համար վարձավճարների զեղչման նախկին կարգը կպահպանվի»:

 

Մեդիամաքս-ի հարցին, թե ուսման վարձի բարձրացմանը զուգահեռ դասախոսների աշխատավարձերը կբարձրացվե՞ն, բուհում պատասխանել են հետեւյալը.  «ՀՊՏՀ աշխատակիցների աշխատավարձերի  բարձրացում չի նախատեսվում, քանի որ դրանք մեր բուհում հայաստանյան բուհերից ամենաբարձրն են: Թեեւ համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրացվելու, սակայն նրանց համար եւս որոշակի քայլեր արվելու են: Այն աշխատողները, ովքեր կնքել են բժշկական ապահովագրության պայմանագրեր, համալսարանը հատուցելու է ապահովագրական վճարի մեծ մասը»:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին