Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման եւ գնահատման» եւ «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Պետություն-մասնավոր համագործակցությամբ շատ կարեւոր ծրագիր ենք սկսել, որտեղ համախմբվել է նաեւ փորձագիտական ներուժը՝ ներգրավելով լավագույն մասնագիտական ռեսուրսը: Սա նշանակում է, որ լեզվի զարգացումը պետական եւ հանրային օրակարգում է, եւ մենք առաջիկայում քննարկումներ ենք ունենալու պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը եւս կարեւորել է համագործակցությունը եւ վերահաստատել պատրաստակամությունը դրա շարունակականության ապահովման գործում:
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման եւ գնահատման» եւ «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաեւ համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: