Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը քննարկել են «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում եւ գնահատում» ծրագիրը
Այն իրականացնում է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն՝ «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Արմեն Չոբանյանը նշել է, որ հիմնադրամի համար ուրախալի է ներդրում ունենալ այնպիսի կարեւոր ծրագրում, որը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու հայերենը` նպաստելով դրա զարգացմանն ու պահպանմանը տեխնոլոգիաների գերարագ զարգացման ժամանակներում:
Ծրագրի շրջանակում ձեւավորվել է հայերենի գնահատման չափորոշիչները մշակող մասնագիտական խումբ, որն ուսումնասիրել է լեզուների իմացության (իրազեկության) եւ գնահատման համաեվրոպական շրջանակը, դրան առնչվող փաստաթղթերը եւ դրանց հիման վրա մշակել, տեղայնացրել, ամբողջացրել է հայերենի ուսուցման, ստուգման, գնահատման վեցաստիճան` Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) համակարգի չափորոշիչները։
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի աջակցությամբ ուսումնասիրվել են նաեւ արեւելյան լեզուների համար մշակված ազգային համակարգերը:
Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ 2024 թ. վերջին կազմակերպվել է հանդիպում՝ մշակված չափորոշիչների ընդհանուր սկզբունքները շահագրգիռ կառույցների մասնագետների հետ քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ բուհերի եւ լեզվի ուսուցման կենտրոնների ներկայացուցիչներ: Ներկայում չափորոշիչների փաթեթը փորձագիտական եզրակացությունների է ուղարկվել համապատասխան կազմակերպություններին։
Բաց մրցույթով ձեւավորվել է առաջադրանքները կազմող մասնագիտական խումբը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի եւ Բրիտանական խորհրդի հետ Լեզվի կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքները:
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջադրանքները կազմող խմբի մասնագետների համար անցկացնել վերապատրաստումներ:
Ծրագրի շրջանակում մշակվել է նաեւ հայերենի դյուրընթեռնելիության ինդեքսը (ARI բանաձեւը)՝ անգլերեն Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) մակարդակների էտալոնային տեքստերի եւ ՀՀ–ում գործող 11 անուն դասագրքերի տեքստերի հիման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: