«Երազանքի համալսարան է». Executive MBA ծրագրի հայ ուսանողների այցը Յորք - Mediamax.am

exclusive
188 դիտում

«Երազանքի համալսարան է». Executive MBA ծրագրի հայ ուսանողների այցը Յորք


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Գոհար Ավագյանը
Գոհար Ավագյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հայաստանի եւ Սերբիայի Executive MBA ծրագրի ուսանողները Յորքում
Հայաստանի եւ Սերբիայի Executive MBA ծրագրի ուսանողները Յորքում

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Ժենյա Մայիլյանը
Ժենյա Մայիլյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեւանում իրականացվող Համաեվրոպական Executive MBA ծրագրի հայ ուսանողները մեկ շաբաթով մեկնել էին Բրիտանիա՝ Յորք, այցելել «մայր բուհ», մասնակցել ծրագրի մաս կազմող Յորքի համալսարանի ուսումնական շաբաթին եւ տեղում անցկացրել իրենց կրթական մոդուլներից մեկը: 

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կողմից համատեղ իրականացվող Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։ 

 

Ծրագրի ուսանողներ Գոհար Ավագյանն ու Ժենյա Մայիլյանը Մեդիամաքսին պատմել են բրիտանական կրթության առավելությունների, ճանապարհորդության եւ Յորքում անցկացրած օրերի մասին: 

 

«Ես եւ որդիս միաժամանակ ընդունվեցինք Յորքի համալսարան»

 

Գոհար Ավագյան, ՏՏ ընկերության օֆիս մենեջեր 

 

Յորքի համալսարան ընդունվելուս պատմությունը բավականին հետաքրքիր է: Որդիս լսել էր այս բուհի մասին եւ որոշել, որ պետք է կրթություն ստանա հունական Սալոնիկում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում: 

 

Ծրագրերին առավել լավ ծանոթանալու համար միասին մասնակցել էինք համալսարանի կազմակերպած բաց դասերից մեկին, որը վարում էր պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։ 

 

Այդ դասախոսությունն այնքան ոգեւորիչ էր, թեման ներկայացվում էր այնպիսի հետաքրքիր մոտեցմամբ, որ արդյունքում իքնս էլ որոշեցի դիմել եւ մասնակցել համալսարանի կողմից իրականացվող Համաեվրոպական Executive MBA ծրագրին (ժպտում է – հեղ.)։ 

 

Հիմա տղաս ավարտել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի առաջին կուրսն, իսկ ես 2024թ. հոկտեմբերից կրթություն եմ ստանում Համաեվրոպական Executive MBA ծրագրով: 

 

Աշխատանքը, ընտանիքն ու բրիտանական կրթությունը համատեղելու հնարավորությունը

 

Մոտ 50 տարեկան եմ եւ առաջին կրթությունս ստացել եմ դեռ Խորհրդային Միության տարիներին՝ որպես անգլերենի եւ Անգլիայի մասնագետ: Դեռ այդ տարիներին բրիտանական կրթությունը շատ բարձր էր գնահատվում, բայց անհասանելի էր թվում։ Այժմ իրավիճակն այլ է, եւ բրիտանական կրթություն ստանալու այս հնարավորությունը հրաշքի, երազանքի իրականացման է նման: 

Գոհար Ավագյանը Գոհար Ավագյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարծում եմ՝ կրթությունը «տարիք չի հարցնում», սովորելու բան միշտ կա։ Այսօրվա աշխարհը շատ արագ է փոխվում եւ պահանջված մասնագետ մնալու համար պետք է մշտապես նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերել։ 

 

Այս առումով Համաեվրոպական Executive MBA ծրագիրը շատ հարմար է, քանի որ թույլ է տալիս համատեղել աշխատանքային պարտականություններն, ընտանիքն ու կրթությունը։ Դասերը կազմակերպվում են Երեւանում՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին՝ Յորքից, Ստրասբուրգից եւ եվրոպական եւ անգլիական այլ համալսարաններից ժամանած դասախոսների մասնակցությամբ։ 

Հայաստանի եւ Սերբիայի Executive MBA ծրագրի ուսանողները Յորքում Հայաստանի եւ Սերբիայի Executive MBA ծրագրի ուսանողները Յորքում

Լուսանկարը` անձնական արխիվից

Մեր խմբում մոտ 30 մարդ է ընդգրկված՝ տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք սովորում են միմյանցից ու աջակցում իրար: Յուրաքանչյուրը խնդիրների լուծման ընթացքում բերում է իր տեսանկյունը, ինչը շատ կարեւոր է եւ օգտակար: 

 

Յորքի համալսարանը՝ հարրիփոթերյան Հոգվարթս

 

Հունիսին մեկ ուսումնական շաբաթով Յորք մեկնելու, մեր «մայր բուհ»՝ Յորքի համալսարան այցելելու հնարավորություն ունեցանք։ Շատ դժվար է բառերով փոխանցել զգացմունքները, քանի որ մեր տեսածը շատ ազդեցիկ էր: Հատկապես հաճելի էր նայել այդ հզոր համալսարանին ու գիտակցել, որ ինքդ էլ այստեղի ուսանող ես։ Ինչ-որ պահի թվում էր, թե հայտնվել ես հարրիփոթերյան Հոգվարթսում (ծիծաղում է – հեղ.): Համալսարանը շրջապատված է կանաչ այգիներով, լճակներով, ունի բազմաթիվ պատմական շենքեր։ 

Լուսանկարը` անձնական արխիվից

Այստեղ մենք անցկացրել ենք մեր մոդուլներից մեկը՝ ծանոթանալով նաեւ այլ երկրներից Յորքի համալսարանի Համաեվրոպական Executive MBA ծրագրում կրթություն ստացողների հետ, օրինակ՝ Սերբիայի խմբի հետ: 

 

(Համաեվրոպական Executive MBA ծրագիրը իրականացվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռումինիայում, Բուլղարիայում, Սերբիայում, Հունաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում-խմբ):

 

Յորքում ունեցել ենք նաեւ մշակութային ծրագիր, ճաշել ենք քաղաքապետի հետ։ 

 

«Կրթության ուժն արտացոլվում է պետության կայունության մեջ» 

 

Ժենյա Մայիլյան, 15 տարի աշխատում է առողջության իրավունքով զբաղվող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում

 

Առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ: Երբ 20 տարի առաջ սովորում էի օտար լեզուների ֆակուլտետում շատ ոգեշնչված էի Անգլիայով: Ուսումնասիրելով այս երկիրը՝ եկել եմ եզրակացության, որ թե՛ պետության, թե՛ անհատի զարգացման հիմքում հենց կրթությունն է։ Բրիտանական կրթական համակարգը շատ հզոր է եւ որակյալ, ինչն էլ լիովին արտացոլվում է պետության կայունության եւ ուժի մեջ։ Այնպես որ, դեռ շատ երիտասարդ տարիքում անգլիական կրթությանը «սիրահարված» միշտ պահել եմ հույսը, որ մի օր ինքս էլ կկարողանամ կրթություն ստանալ այստեղ (ժպտում է – հեղ.)։ 

Ժենյա Մայիլյանը Ժենյա Մայիլյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կողմից իրականացվող Համաեվրոպական Executive MBA ծրագրով սովորելու հնարավորության մասին իմացել եմ 2019 թվականին։ Տարիների ընթացքում այստեղ սովորելուս ցանկությունը հասունացավ է եւ որոշեցի դիմել: Արդյունքում շարունակում եմ աշխատանքս, հասցնում եմ ժամանակ տրամադրել ընտանիքիս եւ նոր գիտելիք ստանալ։ 

 

Այս ծրագրի առավելությունների թվում է նաեւ այն, որ կրթություն ստանալով աշխարհի լավագույն բուհերից մեկում՝ վճարում ես անհամեմատ ավելի քիչ, քան եթե բնակվեիր տեղում։ Բացի այդ, հասանելիություն ունես համալսարանի ահռելի գրադարանին, գիտական աշխատանքներին եւ 24/7 ռեժիմով ստանում ես դասախոսների աջակցությունը։ 

 

«Յորքը երազանքի համալսարան է» 

 

Յորք կատարած այցելությամբ չափազանց տպավորված եմ՝ անգլիական քաղաք բազմաթիվ պատմական շենքերով։ Բուն համալսարանի տարածքը լցված է կանաչով, բազմաթիվ լճակներով։ Միջավայրը շատ տրամադրող էր, իսկ Յորքն իսկապես երազանքի համալսարան է (ժպտում է – հեղ.)

Լուսանկարը` անձնական արխիվից

Արդեն ասացի, որ Երեւանից մենք հասանելիություն ունենք համալսարանի գրադարանին, բայց տեղում այն տեսնելը շատ ազդեցիկ էր՝ ահռելի սրահներ՝ լցված բազմապիսի գրականությամբ։ 

 

Տեղում ամբողջությամբ զգացինք ուսանող լինելու հաճույքը, քանի որ ամեն օր դասեր ունեինք համալսարանում: 

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարեւոր է նաեւ, որ լիովին պահպանվել է Յորքի համալսարանի հին շենքը, որի շուրջ կառուցվել են նոր մասնաշենքեր։ 

 

Եթե կյանքս նորից ապրեի, կմեկնեի Յորք՝ զրոյից կրթություն ստանալու եւ մի քանի տարի այնտեղ ապրելու (ժպտում է – հեղ.)

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի, մագիստրարուրայի եւ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին