Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտը (Институт стран Азии и Африки-ИСАА) ընդունելություն է հայտարարել բակալավրիական ծրագրով՝ հայագիտության խորացված ուսումնասիրությամբ։
«Այս ուղղությամբ մասնագետների պատրաստման վերակենդանացման արդիականությունը պայմանավորված է Հարավային Կովկասի հանդեպ աճող հետաքրքրությամբ եւ տարածաշրջանի միջազգային աշխարհաքաղաքական օրակարգում ներգրավվածությամբ։
Ուսանողները կուսումնասիրեն տարածաշրջանի պատմությունը, կտիրապետեն հայերեն եւ գրաբար լեզուներին, կծանոթանան հայ գրականության հուշարձաններին, կրոնի պատմությանը եւ այլ առարկաների, այդ թվում՝ Հարավային Կովկասի այլ լեզուներին։ Թուրքերենն առաջարկվում է որպես երկրորդ հիմնական լեզու։ Ուսանողի ընտրությամբ լրացուցիչ լեզուներն են պարսկերենը (ֆարսի) կամ ադրբեջաներենը», - ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ամառային դպրոցների, պրակտիկա անցնել Երեւանի պետական համալսարանում, մասնակցել Ռուս-Հայկական համալսարանի փոխանակման ծրագրերին եւ ուսումնասիրել Մատենադարանի արխիվները։
«Ծրագիրն ավարտելուց հետո ինստիտուտի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել պետական մարմիններում (Ռուսաստանի նախագահի աշխատակազմ, ՌԴ կառավարություն, ՌԴ արտաքին գործերի նախարարություն եւ պաշտպանության նախարարություն), միջազգային եւ տարածաշրջանային կորպորացիաներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ լրատվամիջոցներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել ccca.iaas@org.msu.ru հասցեին, հեռախոսահամարը՝ +7 925 7939539.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: