ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը կփոխվի, կսահմանվի ստանդարտ - Mediamax.am

1413 դիտում

ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը կփոխվի, կսահմանվի ստանդարտ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը

Լուսանկարը` ԿԳՄՍՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն այսօր ասել է, որ առաջարկվում է սահմանել Հայաստանի օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ, որը կհնչի ՀՀ-ում եւ միջազգային հարթակներում պաշտոնական եւ ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների եւ օրենքով սահմանված այլ դեպքերի համար:

«Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին եւ երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար»,- կառավարության նիստին ասել է փոխնախարարը:

 

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաեւ օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժեւորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, ինչպես նաեւ քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը.

 

«Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, եւ, հետեւաբար, երկրորդ եւ երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են երրորդ եւ չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետեւյալ ուղերձով.

 

Նայիր նրան երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է օրինագծի ընդունումը եւ նշել, որ իր եզրակացությամբ՝ «եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տեւական, ամբողջական եւ խորքային չեն կարող լինել»:

 

«Պաշտոնական միջոցառումների ժամանակ, շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձեւի կատարմանը, չկա արագության, տեւողության եւ տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,-ասել է նա եւ ավելացրել, որ օրհներգը պետք է ունենա ստանդարտ՝ տեւողության, արագության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին