Երեւան: Մեդիամաքս: Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2023-2024 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, խոսելով բուհերին հատկացված պետական պատվերով եւ վճարովի տեղերի համալրման մասին, նշել է, որ թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել թափուր մնացած տեղերի պատկերը.
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը եւ բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ, պետք տեղերի նպատակային եւ իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: