Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը - Mediamax.am

687 դիտում

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որն իրականացվելու է 3 փուլով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ եւ կտեւի մինչեւ հունիսի 23-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։

 

 

Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե.

 

•    հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

•    հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

•    հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:

 

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

 

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

 

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

 

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

 

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

 

Երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

 

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/  կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին