Վանաձորի գեղարվեստի դպրոցը կրկին բացել է դռները - Mediamax.am

1262 դիտում

Վանաձորի գեղարվեստի դպրոցը կրկին բացել է դռները



Երեւան: Մեդիամաքս: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով վերակառուցված Վանաձորի գեղարվեստի դպրոցը նորից բացել է դռները։

Վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել են գեղարվեստի դպրոցի բարերար Գուրգեն Եկարեանը, Լոռու մարզպետը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը, հյուրեր Հայաստանից ու ԱՄՆ-ից։

 

«Շնորհակալ ենք Հայ օգնության ֆոնդի ողջ անձնակազմին՝ իրենց ներդրումը Հայաստան աշխարհում եւ ի մասնավորի՝ Վանաձոր քաղաքում ունենալու համար։ Այլեւս ընդունայն է այս կառույցը, ձեր ջանքն ու եռանդը», - ողջույնի ու օրհնանքի խոսքում նշել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

 

«Ավելի լավ ու ավելի գեղեցիկ նվեր Վանաձոր համայնքին ու տեղի արվեստասեր երեխաներին հնարավոր չէր անել, որն իրականացվեց ընդամենը մեկ տարում։ Սա Հայ օգնության ֆոնդի հերթական, բայց շատ կարեւոր ծրագիրն է։ Շատ հպարտ ենք, որ 1950-ականներին կառուցված ու երբեւէ չվերանորոգված, մեկհարկանի ու վատթար վիճակում գտնվող շենքն այլեւս պատմություն է։ Այժմ մենք ունենք վերակառուցված երկհարկանի դպրոց՝ ամբողջովին կահավորված ու հագեցած անհրաժեշտ պարագաներով, որը հնարավորություն կտա այստեղ ուսանող երեխաներին՝ արդեն կրկնակի շատ, ավելի քան 200 աշակերտներին, իրենց տաղանդը բացահայտել գեղարվեստի ոլորտում։ Շնորհակալ ենք բոլորին եւ հատկապես բարերար պարոն Գուրգեն Եկարեանին, որը մեծ սիրով համաձայնեց ստանձնել գեղարվեստի դպրոցը վերակառուցելու պատասխանատվությունն ու իր աջակցությունը տրամադրել», - ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։

 

Լոռու մարզպետ Արամ Ղազարյան ասել է, որ դպրոցի վերակառուցումը ավելին է, քան բարեգործությունը. «Դուք նոր շունչ եք հաղորդել կրթամշակութային մի օջախի, որն ունի ավելի քան 65 տարվա փառավոր պատմություն»։

 

Մինչ վերանորոգումը դպրոց հաճախել է շուրջ 100 երեխա. վերակառուցումից հետո նախատեսվում է թիվը կրկնապատկել՝ հասցնելով շուրջ 200-ի Վանաձորից ու հարակից համայնքներից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին