Առաջին դասարանցիների ընդունելությունը կմեկնարկի հունիսի 10-ից - Mediamax.am

1070 դիտում

Առաջին դասարանցիների ընդունելությունը կմեկնարկի հունիսի 10-ից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից, կիրականացվի 3 փուլով։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ, եւ կտեւի մինչեւ հունիսի 23-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե.

 

•    հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

 

•    հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

 

•    հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել: 

 

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

 

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

 

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/  կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները  մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։

 

Հայտագրման գործընթացը կիրականացվի «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին