Արմեն Նուրբեկյան․ «Ամերիկյան համալսարանը հնարավորությունների վայր է» - Mediamax.am

exclusive
3021 դիտում

Արմեն Նուրբեկյան․ «Ամերիկյան համալսարանը հնարավորությունների վայր է»


Արմեն Նուրբեկյանը
Արմեն Նուրբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Ենոքյանը զրուցում է Արմեն Նուրբեկյանի հետ
Գայանե Ենոքյանը զրուցում է Արմեն Նուրբեկյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի կարծիքով՝ յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքում կրթությունն է։ Ելնելով սեփական օրինակից՝ նա Մեդիամաքսին պատմել է, թե ինչպես կարող են որակյալ կրթությունը եւ ճիշտ ընտրված կրթական հաստատությունն ապահովել լավ կարիերա եւ շարունակական զարգացում։

 

Արմեն Նուրբեկյանը սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործարար կառավարման մագիստրատուրայում, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ստացել աշխատանքի անցնելու ՀՀ Կենտրոնական բանկում։ Տարիների կարիերայի ընթացքում մի շարք կարեւոր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ նա 2022 թվականի դեկտեմբերին ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ:

 

Արմեն Նուրբեկյանը նաեւ դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության մագիստրոսական ծրագրում (Master of Science in Economics), որի դասերն անցկացվում են ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

 

-Պրն Նուրբեկյան, խնդրում եմ պատմեք, թե ինչպիսի ճանապարհ եք անցել մինչեւ ԿԲ նախագահի տեղակալ ընտրվելը, եւ ինչո՞վ է պայմանավորված եղել ֆինանսական ոլորտի ընտրությունը:

 

- Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ: Առաջին կրթությունս ստացել եմ Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում, որտեղ բակալավրի աստիճան ստանալուց հետո շարունակել եմ սովորել մագիստրատուրայում եւ զուգահեռաբար կրթություն ստացել Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոսական ծրագրում (MBA):

 

Ֆինանսական ոլորտի ընտրությունն ավելի շուտ ինքնաբերաբար է ստացվել: Հավանաբար, բախտս բերել է, որ հանդիպել եմ մարդկանց հնարավորություն ընձեռելու իմաստով պատրաստակամ անհատների, որոնք նաեւ ինձ են օգնել ինքնադրսեւորվել:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորելու երկրորդ տարվա ընթացքում՝ 2010 թվականին, աշխատանքի առաջարկ եմ ստացել ՀՀ Կենտրոնական բանկից: Սկզբնական շրջանում եղել եմ ֆինանսական կայունության վարչությունում, որտեղ հիմնականում զբաղվել եմ բանկերի սթրես-թեստավորման հարցերով:

 

Մոտ երկու տարի անց մի փոքր փոխել եմ մասնագիտացումս դեպի մակրոտնտեսական հարցեր: Այդ տարիներին ԿԲ-ում ջանքեր էինք գործադրում դրամավարկային քաղաքականության մեջ ներքին որոշումների կայացման համակարգի զարգացման ուղղությամբ, որի համար էլ գործուղվեցի Արժույթի միջազգային հիմնադրամ: Ավելի ուշ նաեւ մեկուկես տարով նորից մեկնեցի Վաշինգտոն՝ Արժույթի միջազգային հիմնադրամում ԿԲ-ի հետ համատեղությամբ աշխատանքի (անգլ.՝ secondment): Այնտեղ իմ աշխատանքը հիմնականում առնչվում էր նավթի գների եւ համաշխարհային տնտեսության զարգացման մոնիթորինգի հետ:

 

Երբ 2015 թվականին վերադարձա Հայաստան, կարիերաս շարունակվեց Կենտրոնական բանկի հետազոտությունների վարչությունում: Երկու տարի ղեկավարեցի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը, զուգահեռաբար նաեւ մակրոտնտեսական վարչության տնօրենն էի, մինչեւ արդեն 2022 թվականի դեկտեմբերին Ազգային Ժողովի կողմից ընտրվեցի ԿԲ նախագահի տեղակալ:

 

-Ի՞նչ է Ձեզ տվել Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանելը, եւ ինչ ազդեցություն է այն ունեցել Ձեր մասնագիտական աճի վրա:

 

- Հայաստանի Ամերիկյան համալսարանն առանձնանում է նրանով, որ այն ուսանողներին լայն հնարավորություններ է ընձեռում եւ օգնում ընդլայնել մտքի սահմանները: Երբ ես իմ մաթեմատիկական չոր գիտելիքներով եկա ՀԱՀ-ում սովորելու, այստեղի մոտեցումներն ինձ օգնեցին կոտրել մասնագիտությանս առանձնահատկություններից բխող սահմանափակումները: Կարող եմ մի պարզ օրինակ բերել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունենում:

 

Համալսարանի բոլոր մագիստրոսական ծրագրերում կա շրջակա միջավայրին առնչվող առարկա, որին մասնակցելն անհրաժեշտ է կրեդիտ ստանալու համար: Առաջարկվող մի քանի տարբերակներից ես ընտրեցի թռչնաբանությունը, որի դասերի շրջանակում գնում էինք Սեւանա լիճ ու այնտեղ ուսումնասիրում թռչուններին: Այս եւ նմանատիպ այլ փորձառություններ, որ տալիս է համալսարանն ուսանողներին, մեծ դրական ազդեցություն են թողնում մտածելակերպի եւ աշխարհայացքի վրա:

 

ՀԱՀ-ում նաեւ շատ հաճախ են ուսանողները հանդիպումներ ունենում աշխարհահռչակ մարդկանց հետ: Իմ սովորելու տարիներից լավ տպավորվել է Ալեքսիս Օհանյանի դասախոսությունը: Նման մարդկանց հետ հանդիպումներն օգնում են անհասանելին տեսնել որպես հնարավոր, որը նորից կոտրում է մեր ներքին սահմանափակումները:

 

- Ինչպիսի՞ դեր ուներ ՀԱՀ-ի մագիստրոսական ծրագրում ստացած կրթությունը Ձեր հետագա կարիերայում:

 

-  MBA-ի պարագայում ամենակարեւորը հենց կապերի հաստատումն է, իսկ այս իմաստով Հայաստանի ամերիկյան համալսարանը մեծ հնարավորություններ է տալիս ինչպես միջազգային կապերի առկայությամբ, այնպես էլ քեզ հետ նույն կուրսում սովորող մյուս ուսանողների շնորհիվ, որոնք սովորաբար արդեն իսկ կայացած կառավարիչներ են:

 

Ինչ վերաբերում է իմ կարիերային, դրա մեկնարկը հենց համալսարանում է տրվել, եւ իմ օրինակը հրաշալիորեն բնութագրում է այն, ինչ արդեն ակնարկեցի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը հնարավորությունների վայր է:

 

Կենտրոնական բանկից աշխատանքի առաջարկը ստացել եմ ՀԱՀ-ի իմ դասախոսներից մեկի շնորհիվ, որն այնտեղ էր աշխատում եմ, եւ ինձանում պոտենցիալ տեսնելով՝ կապող օղակ դարձավ իմ ու ԿԲ-ի միջեւ: Հենց այս առաջարկով էլ կարծես ինքնաբերաբար հարթվեց իմ հետագա կարիերային ճանապարհը:

 

- Տեղյակ եմ, որ ուսումն ավարտելուց հետո շարունակել եք դասավանդել ՀԱՀ-ի MBA ծրագրում, իսկ հետագայում դասախոսել եք նաեւ համալսարանի տնտեսագիտության մագիստրոսական ծրագրում (Master of Science in Economics): Ի՞նչ խնդիր է լուծում այս կրթական ծրագիրը:

 

- ՀԱՀ-ի տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը (MSE)մեկնարկել է 2013 թվականից եւ իրականացվում է Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

 

Կենտրոնական բանկը՝ որպես գործատու, շատ կարեւորում է բարձրակարգ մասնագետների դերը, եւ նման ռեսուրսի ձեւավորման համար ներդրումներ է իրականացնում։ Այս իմաստով Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը շատ բնական է, որովհետեւ երկու կողմերն էլ անզիջում են, երբ հարցը վերաբերում է բարձրորակ կրթությանը։

 

Վստահաբար կարող եմ ասել, որ կրթական ծրագիրը լիովին արդարացնում է այն նպատակը, որը դրված է եղել դրա մեկնարկի հիմքում: Բոլոր շրջանավարտները շատ արագ լավ աշխատանք են գտնում եւ լրացնում որակյալ մասնագետների պահանջարկը:

 

Ըստ Կենտրոնական բանկի եւ ՀԱՀ-ի համաձայնության՝ համալսարանը առաջիկայում տնտեագիտության ոլորտում կունենա նաեւ դոկտորական ծրագրեր (Ph.D.), որը եւս մեծ ներդրում կլինի ոլորտի կրթական բացը լրացնելու համար:

 

- Ովքե՞ր կարող են դիմել ՀԱՀ-ի տնտեսագիտության մագիստրոսական ծրագրին, եւ ի՞նչ կարող են ակնկալել դիմորդները:  

 

- Այս կրթական ծրագիրն այն դիմորդների համար է, որոնք ցանկանում են տնտեսագիտության ոլորտում որակյալ կրթություն ստանալ՝ ձեռք բերել ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ հմտություններ, սովորել ճիշտ մտածել եւ ունակ լինել վերլուծելու գրեթե բոլոր խնդիրները: Սրա շնորհիվ էլ ծրագրի ընձեռած կարիերային հնարավորությունները բազմազան են եւ չեն սահմանափակվում միայն ֆինանսական շուկայով: Մեր շատ շրջանավարտներ այսօր իրենց հրաշալի դրսեւորում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ռիսկերի կառավարման, տվյալագիտության եւ այլ ոլորտներում:

 

Այս մագիստրոսական ծրագիրը հրաշալի լրացում է բակալավրի կրթությանը, որովհետեւ եթե վերջինիս պարագայում ուսանողը կենտրոնացած է բազային գիտելիքներ ստանալու ուղղությամբ, մագիստրատուրայում այդ գիտելիքները դառնում են կիրառական: Միեւնույն ժամանակ MSE-ն տալիս է փորձարկումներ կատարելու, ծրագրեր իրականացնելու ու նոր հարցերի հետամուտ լինելու հնարավորություններ, ինչն իհարկե, անհրաժեշտ պայման է իրական զարգացման համար:  

 

Մեր ժամանակներում տեխնիկական լայն հնարավորությունների առկայությունը նաեւ մի ակնհայտ վտանգ ունի. եթե մարդուն տաս տեխնիկական հնարավորություն նախքան նրան մտածել սովորեցնելը, մարդը կորցնում է մտածելու ունակությունը կամ առնվազն այլեւս այն չի զարգացնում: Այս իմաստով MSE ծրագրում մտածել սովորեցնելու ու տեխնիկական հնարավորությունների հավասարակշռությունը հստակ պահպանված է:

 

- Այժմ այսպիսի միտում է նկատվում ամբողջ աշխարհում. մարդիկ սկսել են ավելի քիչ դիմել մագիստրոսական ծրագրերի, բակալավրի կրթությունը եւս փորձ է արվում «փոխարինելու» կարճ դասընթացներով, որոնց վերջում սերտիֆիկատներ են տրվում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տալիս համալսարանը, որը հնարավոր չէ ստանալ «սերտիֆիկատային» կրթությամբ:

 

-Այո´, ընդհանուր առմամբ այսօր ֆորմալ կրթությունը հարցականի տակ է առնվում: Ձեր նշած ժամանակակից կրթական հնարավորություններն, իհարկե, դրական գործոն են, բայց պետք է տարբերակել, թե ինչ է տալիս հիմնաքարային կրթությունը:

 

Ինձ համար որակյալ կրթության ամենալավ օրինակներից է Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի դասախոսությունների շարքը Քորնելի համալսարանում: Նա պարզապես սեւ գրատախտակի վրա կավիճով շատ բարդ բաներ է գրում, եւ անկախ ամեն ինչից, սա այսօր էլ մնում է իրական լավ կրթություն, հիմա բացատրեմ՝ ինչու:

 

Լավ կրթությունն արկածի նման է, որտեղ քեզ ուղղություն ցույց տվողը դասախոսի դերում է, իսկ քեզ հետ սովորողներն ուղեկիցներդ են, ում հետ միասին հաղթահարում ես կրթական բարդ ճանապարհորդությունը: Իրարից սովորելով եւ ունենալով որակյալ ուղեկցորդ, որին հարցեր եք տալիս ու հետեւում նրա ցույց տված ուղղությանը՝ կրթությունը դառնում է դինամիկ եւ ինտերակտիվ գործընթաց: Կա որոշակի դժվարություն, որը հաղթահարելով ես սովորում, մինչդեռ հեշտ լինելու պարագայում լավ արդյունք ակնկալել պետք չէ: Միեւնույն ժամանակ ունես ուղեկիցներ ու առաջնորդ, որոնք թույլ չեն տա հուսահատվել ու հետ կանգնել ճանապարհից:

 

«Սերտիֆիկատային» կրթության պարագայում մի կողմից ամեն ինչ կարծես շատ հեշտ է, մյուս կողմից էլ չկա դինամիկ եւ ինտերակտիվ փոխգործակցություն դասախոսի եւ կուրսընկերների հետ: Սա է պատճառը, որ նման դասընթացներ սկսող մարդկանցից շատ քչերն են հասնում դասընթացի ավարտին:

 

-Հիմնվելով Ձեր ուսանողական փորձառության վրա՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ամերիկյան համալսարանի այսօրվա ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան լավագույնս օգտագործել իրենց ժամանակը:

 

- ՀԱՀ-ում սովորելու տարիներից հիշում եմ, որ մշտապես մեծ հաճույքով եմ մասնակցել դասերին: Միջազգային կապերն ու արտերկրից հրավիրված դասախոսներն առավելագույնս նպաստում էին նրան, որ համալսարանում ձանձրանալ, մեղմ ասած, հնարավոր չէր: Հիմա էլ ինչքան շփվում եմ ուսանողների հետ, տեսնում եմ, որ այս իմաստով ոչինչ չի փոխվել:

 

Որպես համալսարանի հիմնական բնորոշում կցանկանամ ընդգծել նաեւ այն, որ այն ուսանողին փոխանցում է այնքան գիտելիք եւ հմտություններ, որքան ուսանողը պատրաստ է վերցնել: Ուսանողների տեսանկյունից շատ կարեւոր է ընձեռվող հնարավորություններից չվախենալն ու ունենալ նորը փորձելու ձգտում։

Գայանե Ենոքյանը զրուցում է Արմեն Նուրբեկյանի հետ Գայանե Ենոքյանը զրուցում է Արմեն Նուրբեկյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս կողմից մեր ժամանակների մարտահրավերներից է նաեւ հենց հնարավորությունների բազմազանության պատրանքայնությունը․ երբ փորձում ես գնալ արտաքին դաշտում երեւացող բոլոր հնարավորությունների հետեւից, հավանական է, որ այդպես էլ ոչնչի չհասնես։ Այս պարագայում կարեւոր է հավասարակշռության պահպանումը․ փորձելով այն ամենը, ինչ հետաքրքիր է, պետք է ի վերջո կենտրոնանաս որոշակի ուղղության վրա, որպեսզի կարողանաս հավելյալ արժեք ստեղծել: Որպես լավ լուր ասեմ, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը նորը փորձելու, նաեւ սխալներ թույլ տալու իմաստով պատժիչ միջավայր չէ:

 

- Ձեր կարծիքով, Հայաստանի առաջ այսօր կանգնած տնտեսական մարտահրավերների հաղթահարման հարցում ի՞նչ դեր ունեն MSE-ի նման կրթական ծրագրերը:

 

- Գաղտնիք չէ, որ մենք շատ անկայուն միջավայրում ենք ապրում, եւ հարց է առաջանում, թե ինչպես պետք է կենտրոնական բանկը այս անկայունության ու ճգնաժամերի մեջ հետեւի իր առաքելությանը, այն է՝ ապահովել կայունություն: Երբ հետ հայացք եմ գցում տարբեր ժամանակներում բարդ որոշումների կայացմանը, պարզ է դառնում, որ ինչի մասին էլ խոսենք ու հետո փորձենք մեկ կամ երկու քայլ ավելի խորը գնալ, կհանգենք կրթությանը:

 

Ճգնաժամային իրավիճակներում մարդու՝ որոշումների կայացման հորիզոնը կարճանում է։ Նա սկսում է կարճաժամկետ լուծումներ փնտրել, հեռուն այլեւս չի նայում, ինչը վախի հետեւանք է։ Թեեւ օբյեկտիվ վախը կարեւոր բան է, միեւնույն ժամանակ տարածված խնդիր է դառնում երկրի զարգացման համար երկարաժամկետ որոշումների անտեսումը:

 

Իմ կարծիքով, վախը բխում է գիտելիքի բացակայությունից։ Վախենում ես այն ժամանակ, երբ անորոշություն է եւ խնդիրը հասկանալ չես կարողանում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության բոլոր լուրջ խնդիրները պահանջում են երկարաժամկետ լուծումներ եւ երկարաժամկետ ներդրումներ։

 

Եթե վերլուծենք համաշխարհային տնտեսական աճը, կնկատենք, որ ֆիզիկական կապիտալի սղության խնդիր չկա, եւ միեւնույն ժամանակ ամեն նոր ստեղծված միավոր արժեքի մեջ գիտելիքն ու մարդկային կապիտալն ավելի մեծ դեր ունեն, այսինքն՝ երկարաժամկետ լուծումների տեսանկյունից կրթությունն ամենակարեւորն է:

 

Եթե վերցնենք, օրինակ, Հայաստանի տնտեսության ՏՏ ոլորտը, կտեսնենք, որ խնդիրը ոչ թե մեր ՏՏ արտադրանքի նկատմամբ աշխարհում պահանջարկի ձեւավորումն է, այլ այն, որ կրթությունը պետք է այդ առաջընթացի հետեւից հասնի: Այս տեսանկյունից MSE-ն եւ համանման կրթական ծրագրերը առանցքային նշանակություն ունեն եւ շատ անելիք։ ՀՀ-ում անորոշություններն ավելի շատ են, ուստի մենք պարտավոր ենք առավելագույնս որակյալ որոշումներ կայացնել:

 

Արմեն Նուրբեկյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին