Nation-Builders. Ոչ միայն դպրոցում, այլեւ համայնքում կյանք փոխող ծրագիր - Mediamax.am

exclusive
2610 դիտում

Nation-Builders. Ոչ միայն դպրոցում, այլեւ համայնքում կյանք փոխող ծրագիր


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Աղաբեկյանը
Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Աղաբեկյանը
Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Աղաբեկյանը
Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավելի քանի մեկ տարի Տավուշի մարզի Չինարի գյուղի 76 աշակերտ ունեցող դպրոցում կրթական պրոցեսը նոր մոտեցումներով եւ նախաձեռնություններով է ընթանում: «Իզմիրլյան հիմնադրամը»`որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագրի մասնակից, նպաստել է, որ սահմանամերձ գյուղի դպրոցն ունենա ոչ միայն տարրական դասարանի ուսուցիչ-առաջնորդ, այլեւ դպրոցական սարքավորումների լրակազմ եւ դրամաշնորհ՝ աշակերտների նորարարական ծրագրի իրականացման համար:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով պատասխանատու Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ «Իզմիրլյանի հիմնադրամ»-ի հետ իրենց համագործակցությունը երկար պատմություն ունի, իսկ արդեն 2022 թվականից այն ավելի է ամրապնդվել՝ հիմնադրամը դարձել է «Nation-Builders» ծրագրի հովանավոր:

 

Nation-Builders-ը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ դպրոցների հովանավորության ծրագիրն է, որի միջոցով աշխարհի ցանկացած կետից ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնած անձինք կարող են իրենց ներդրումն ունենալ կրթության միջոցով Հայաստանի զարգացման գործում: Nation-Builders-ի մասնակիցները հովանավորում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դպրոցական համայնքը եւ դրա դիմաց ստանում ներգրավվածության յուրահատուկ փորձ:

Վիկտորյա Աղաբեկյանը Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանում կրթական ոլորտում եւ, մասնավորապես, հանրակրթության մեջ մենք գործ ունենք ահագնացող ճգնաժամի հետ, քանի որ անկում են ապրում ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլեւ տարեցտարի էլ ավելի է մեծանում ուսուցիչների թափուր հաստիքների թիվը: ՀՀ ԿԳՄՍՆ տրամադրած տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ունենում ենք 600-700 թափուր հաստիք: Ուսուցիչների թափուր հաստիքները հատկապես մեծ են գյուղական համայնքներում: Այս բոլոր խնդիրների համատեքստում էլ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թվականից ի վեր սկսել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից կամ աշխարհագրական դիրքից:

 

Մեր հիմնականը ուսուցիչների առաջնորդության ծրագիրն էր, որի հիման վրա էլ 2021 թվականին առաջացավ Nation- Builders ծրագրի գաղափարը: Այն դպրոցների հովանավորության 2-ամյա ծրագիր է, որի միջոցով հնարավորություն ենք տալիս աշխարհի տարբեր վայրերում գործող կազմակերպություններին եւ/կամ անհատներին ներդրում կատարել Հայաստանի կրթության ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- մանրամասնում է Վիկտորյա Աղաբեկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Nation-Builders ծրագրի շահառուներ են Հայաստանի տասը մարզերի այն բոլոր դպրոցները, որոնք գործընկեր են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին:

 

«Ծրագրի միջոցով հնարավորություն ենք տալիս անհատի կամ կազմակերպության, որը ցանկանում է ներդրում կատարել կրթության ոլորտում, ֆինանսավորել մեկ դպրոց: Հովանավորը 2-ամյա ծրագրի համար նվիրաբերում է 10 հազար դոլարին համարժեք դրամ է, ինչը նախատեսված է հավաքագրելու, գտնելու ուսուցիչ-առաջնորդների, վերապատրաստելու եւ ուղարկելու համայնքներ՝ ապրելու եւ աշխատելու»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով պատասխանատուն:

Վիկտորյա Աղաբեկյանը Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ ծրագրի դոնորները, հովանավորները շատ ամուր կապեր են ստեղծում համայնքների հետ, քանի որ համագործակցության 2 տարվա ընթացքում համայնքային այցեր են կազմակերպվում նրանց համար, հնարավորություն տալիս հովանավորներին, հատկապես սփյուռքից, որոնք այդքան էլ լավ չեն ճանաչում Հայաստանի համայնքները, բացահայտելու այստեղի ներուժը յուրովի:

 

Ինչ վերաբերում է Nation-Builders-ի անուղղակի ազդեցությանը՝ Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ այն ոչ միայն բարեփոխում է տվյալ դասարանը եւ դպրոցը, այլեւ ողջ համայնքը. «Մեզ համար կարեւորը միայն ուսուցչի թափուր հաստիքը լրացնելը եւ որակյալ կրթություն ապահովելը չէ, այլեւ՝ ուսումնառության մեթոդի շնորհիվ համայնքի կյանքում փոփոխություններ բերելը: Մեր ուսուցիչներն աշխատում են աշակերտների հետ, որոնք ուսումնասիրում են իրենց համայնքը, համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը, առաջ են քաշում որեւէ խնդիր եւ փորձում են ծրագրային նախագծեր գրել եւ դրանք ներկայացնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ ֆինանսավորելու եւ կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր տարի այդ ծրագրերից ընտրվում են 30 ուժեղագույնը, որոնք էլ իրականացվում են համայնքներում»:

 

«Այս ծրագրով դպրոցների աջակցության լավագույն օրինակներից է «Իզմիրլյան հիմնադրամ»-ի հովանավորությունը Չինարիի միջնակարգ դպրոցին: Հիմնադրամը մեր հավատարիմ գործընկերներից է, որի ֆինանսավորմամբ կարողացանք մեր ուսուցիչ-առաջնորդի ֆինանսավորել, վերապատրաստել եւ գործուղել դասավանդելու տարրական դպրոցի աշակերտներին»,- ասում է Վիկտորիան:

Վիկտորյա Աղաբեկյանը Վիկտորյա Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինարիի դպրոցն այս ծրագրով արդեն երրորդ ուսուցիչ-առաջնորդին է ընդունել: Դպրոցի տնօրեն Էլիզա Բիլյանն ասում է. «Մեզ համար մեծ օգնություն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագիրը, որով ոչ միայն դասվար չունենալու հարցն է լուծվել, այլ աշակերտների, դպրոցի ու համայնքի կյանքում նոր գույներ ու տրամադրություն է մտել: Երեխաների շփվելը, հաղորդակցվելն է փոխվել, ավելի անկաշկանդ են դարձել»:

 

Տնօրենը պատմում է, որ ծրագրով դպրոց գործուղված առաջին դասվարն այնքան է սիրվել եւ ինքն էլ համայնքն այնքան է սիրել, որ չի լքել գյուղը, ամուսնացել է եւ դարձել գյուղի բնակիչ:

 

«Նրան փոխարինող մեր երկրորդ ուսուցիչ-առաջնորդ Էլիզա Ամիրխանյանը դասվար լինելուց բացի՝ դպրոցում «Մենթալ թվաբանություն» եւ «Տիկնիկային թատրոն» խմբակներ է բացել: Երկու խմբակն էլ աշակերտները շատ են սիրել: Առաջինի շրջանակում երեխաները մրցույթի են մասնակցել եւ առաջին տեղեր գրավել, իսկ «Տիկնիկային թատրոն»-ի շնորհիվ ոչ միայն դպրոցի բեմի համար անհրաժեշտ դեկորացիաներ են ստեղծել, այլեւ իրենց ծրագրով շրջել մոտակա համայնքների դպրոցներում»:

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Արդեն վեց ամիս Չինարիի դպրոց գործուղված մյուս ուսուցիչ-առաջնորդը Նելլի Հովհաննիսյանն է: Նելլին Գյումրիից է, մինչեւ դպրոց գործուղվելը երբեք Չինարիում չի եղել, ասում է՝ հեռուստացույցով էր միայն տեսել գյուղը:

 

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին իմացել եմ դեռ ուսանողական տարիներին՝ 2019-20 թվականներին, բայց մինչ այդ էլ արդեն որոշում ունեի, որ համալսարանն ավարտելուց հետո պետք է անպայման գյուղական համայնքի որեւէ դպրոցում աշխատեի: Մինչեւ համալսարան ընդունվելը կամավորական տարբեր աշխատանքներ էի անում: Մի անգամ Շիրակի սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցում տիկնիկային ներկայացում ունեինք, այդ ժամանակ իմացա ոչ միայն դպրոցում ուսուցիչների պակասի խնդրի մասին, այլ որ երեխաներն առաջին անգամ են տեսնում տիկնիկային ներկայացում: Հենց սա էլ հետք թողեց ինձ վրա, որ ընտրեմ ուսուցչի մասնագիտությունն ու որեւէ համայնքում դասավանդեմ: Երեւի, քաղաքացիական պատասխանատվության զգացում էր»,- պատմում է Նելլին:

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Համալսարանն ավարտելուց հետո Նելլին պիտի որոշեր՝ կամ շարունակել սովորել մագիստրատուրայում, կամ դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, եւ... արդեն Չինարում է. «Մինչեւ համայնք գործուղվելը օնլայն դասընթացների եւ վերապատրաստման մի քանի փուլ ենք անցել, նոր միայն վերջում իմացել, թե ով որ համայնք է գնալու: Երբ իմացա, զանգեցի մորս, ասացի՝ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Նրա արձագանքը երբեք չեմ մոռանա՝ «Նելլի, դու էլ ուրիշ խաղ գիտեիր մեր գլխին խաղալու, դու գոնե գիտե՞ս այդ գյուղը որտեղ է»: Իրականում ոչ միայն ինքդ պետք է պատրաստ լինես այս որոշմանը, այլեւ ընտանիքդ, որ երկու տարով գնում ես բոլորովին այլ միջավայրում ապրելու եւ աշխատելու»:

 

Ուսուցչուհին պատմում է, որ համայնքի կյանքին եւ կենցաղային խնդիրներին հեշտ է հարմարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա իմ որոշումն է: Այս ծրագիրը որքան դպրոցի, աշակերտների ու համայնքի կյանքում է փոփոխություն բերում, նույնքան էլ՝ մեր: Աճում ենք թե՛ որպես անձ, թե՛ որպես մասնագետ: «Դասավանդի՛ր»-ը շատ լավ տերմին ունի՝ ուսուցիչ-առաջնորդ, այսինքն՝ որքանով երեխաների մոտ զարգացնում ենք ակադեմիական գիտելիքներ, այնքանով էլ՝ առաջնորդական կարողություններ, օգնում ենք նրանց ճանաչել իրենց հույզերը, ապրումները, բացահայտել իրենց եւ իրենց ներուժը, բարձրացնել համայնքային խնդիրները: Չորրորդ դասարանի աշակերտների հետ «Ես եւ շրջակա» միջավայրը առարկայի շրջանակում առողջության թեման ուսումնասիրելիս եկանք վերհանեցինք այն խնդիրը, որ համայնքում շատ է ծխախոտի, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի սպառումը, ինչը վնասում է մարդկանց առողջությունը: Հիմա աշակերտների հետ համայնքային ծրագիր ենք նախաձեռնել, փոքրիկ ֆիլմ ենք նկարել, բյուջե կազմել եւ ուղարկել ֆինանսավորման»,- պատմում է ուսուցչուհին եւ նշում, որ նման ծրագրերը մեծ հնարավորություն են համայնքներում ապրող երեխաների համար:

 

«Իզմիրլյան հիմնադրամ»-ի աջակցությամբ ուսուցիչ-առաջնորդներ են գործուղել նաեւ Արմավիրի Վանանդ, Լոռու Լորուտ, Արցախի Առաջաձոր, Տավուշի Նորաշեն եւ Չորաթան համայնքների դպրոցներ:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին