Պատերազմի ու բլոկադայի բովում ուսումն ավարտին հասցրած Նանարը - Mediamax.am

exclusive
2239 դիտում

Պատերազմի ու բլոկադայի բովում ուսումն ավարտին հասցրած Նանարը


Լուսանկարում առանձնացված են Նանար Ալեքսանյանն ու Լեսլի Սզամոսին
Լուսանկարում առանձնացված են Նանար Ալեքսանյանն ու Լեսլի Սզամոսին

Լուսանկարը` City College

Գոհար Ենոքյանը զրուցում է Նանար Ալեքսանյանի հետ
Գոհար Ենոքյանը զրուցում է Նանար Ալեքսանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանար Ալեքսանյանը
Նանար Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` City College

Լուսանկարը` City College

Նանար Ալեքսանյանը
Նանար Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի համաճարակային իրավիճակը, այնուհետեւ պատերազմը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանողների երկամյա կրթությունը եւս երկու տարով «երկարեցրին»: 2019 թվականին համալսարան ընդունված ուսանողներն իրենց ավարտական վկայականները ստացան միայն 2023 թվականին, քանի որ համաշխարհային եւ հայաստանյան իրավիճակով պայմանավորված՝ սահմանված ժամանակացույցով դասերի իրականացումը դարձել էր անհնար:

 

Թեեւ բոլոր ուսանողների համար էլ կրթական գործընթացն անցնում էր էքստրեմալ պայմաններում, նրանցից մեկի խոչընդոտներն անհամեմատ բարդ էին: Արցախի Մարտունի քաղաքում ծնված Նանար Ալեքսանյանն ավարտական աշխատանքը ստիպված էր գրել Արցախի շրջափակման ամենածանր շրջանում:

 

Կրթությունը՝ լավագույն ներդրում

 

Նանար Ալեքսանյանը առաջին կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանում՝ դառնալով անգլերենի մասնագետ: 2001 թվականին շահել է կրթաթոշակ՝ Ավստրիայի Շտադտշլայնինգ քաղաքի Խաղաղության եվրոպական համալսարանում երեքամսյա կրթական ծրագրին մասնակցելու համար: Այնտեղ սովորելուց հետո Նանարի՝ կրթության մասին պատկերացումները միանգամայն փոխվել են:

 

«Մեր խմբում ինձ հետ սովորում էին նաեւ 60 տարեկանից բարձր մարդիկ, ես ամենափոքրն էի: Այս փորձառությունն ինձ օգնեց հասկանալ, որ սովորել միշտ է պետք: Եթե ուզում ես կյանքում ինչ-որ բանի հասնել՝ լավագույն ներդրումդ կլինի կրթությունը»,- ասում է Նանարը:

Գոհար Ենոքյանը զրուցում է Նանար Ալեքսանյանի հետ Գոհար Ենոքյանը զրուցում է Նանար Ալեքսանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախ վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել «Ղարաբաղ Տելեկոմ»-ում՝ որպես մարդկային ռեսուրսների մասնագետ: Աշխատելուն զուգընթաց՝ մշտապես շարունակել է փնտրել նոր կրթական հնարավորություններ: Նանարին հետաքրքրում էր բիզնես կրթությունը:

 

«Երբ տեսա, որ Շեֆիլդի համալսարանը Հայաստանում ունի Executive MBA ծրագիր, շատ ցանկացա անպայման ընդունվել, սակայն վարձավճարը շատ բարձր էր ինձ համար: Ինքս ինձ երկու տարի ժամանակ տվեցի ու լրացուցիչ աշխատանք կատարելով՝ գումար խնայեցի: Հետո դիմեցի ու ընդունվեցի ընդհանուր կառավարման (general management) բաժին»,- հիշում է Նանարը:

 

Աշխատանքի եւ կրթության համատեղումը

 

Դառնալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանող՝ Նանարը փորձում էր համատեղել աշխատանքն ու կրթությունը: Թեեւ համալսարանի այս ծրագիրը հարմարեցված է հենց աշխատող մարդկանց համար, այնուամենայնիվ, կրթական ծավալուն նյութի յուրացումն ու պրակտիկ աշխատանքները ժամանակի եւ էներգիայի մեծ ներդրում են պահանջում: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ եւ տեւում երեք օր:

Նանար Ալեքսանյանը Նանար Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հինգշաբթի օրերին աշխատանքից հետո Ստեփանակերտից տաքսիով Երեւան էի գալիս, ուրբաթից կիրակի մասնակցում դասերին: Հիմնականում արձակուրդիս հաշվին էի կարողանում բացակայել աշխատանքից, իսկ դասերով զբաղվում էի աշխատանքից հետո՝ հիմնականում գիշերային ժամերին»,- պատմում է Նանարը:

 

Աշխատավայրում գործընկերներին միշտ պատմում էր՝ ինչ նոր բան է սովորել, բոլորն իր հետ ոգեւորվում էին ու հետաքրքրությամբ սպասում Նանարի կրթական նորություններին:

 

Շարունակել կրթվել՝ պատերազմին հակառակ

 

Շեֆիլդի համալսարանում դասերը պարբերաբար ընդհատվել են՝ սկզբում համավարակի, հետո 2020 թվականի պատերազմի եւ այդ ժամանակ դեռեւս ժամանակավոր տեղահանության հետեւանքով, իսկ բլոկադայի ամենածանր ժամանակահատվածում Նանարը զբաղված էր իր ավարտական աշխատանքով:

 

Հացի երկար հերթերից եւ վառելիքի բացակայության պատճառով երկար ճանապարհ ոտքով անցնելուց հետո, նա հետազոտում էր կրթության ու զարգացման ավանդական ու արդի մեթոդները:

 

«Ո´չ լույս կար, ո´չ նորմալ ինտերնետ կապ կար, անդադար ընդհատումներ էին: Մտածում էի, որ գուցե ինչ-որ պահից այլեւս ընդհանրապես ինտերնետ կապ չենք ունենալու, ուստի աշխատում էի արագ գրել, ավարտել դիպլոմային աշխատանքս»,- հիշում է Նանարը:

 

Նա հատկապես ջերմությամբ է մտաբերում իր դիպլոմային աշխատանքի ղեկավարի՝ պրոֆեսոր Լեսլի Սզամոսիի աջակցությունը:

 

«Երբ ղեկավարիս նամակ էի գրում, երեւի թե կես ժամ չանցած պատասխանում էր, դիտարկումներ անում դիպլոմայինիս վերաբերյալ: Այնքան արագ էր արձագանքը, որ անգամ մտածում էի՝ գոնե թողներ մի փոքր հանգստանայի»,- ծիծաղելով հիշում է Նանարը: «Գիտեր՝ ինչ վիճակում եմ, ու ամեն կերպ ոգեւորում էր»:

Նանար Ալեքսանյանը Նանար Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում շարունակել մտածել կրթության մասին, սակայն Նանարի համար սովորելը հենց ծանր մտքերը թոթափելու միջոց էր:

 

«Բլոկադայի ժամանակ դասերով զբաղվելն օգնում էր կտրվել այն իրականությունից, որի մեջ ապրում էինք»,- ասում է նա:

 

Բռնի տեղահանություն եւ նորի մարտահրավերը

 

«Միշտ շատ սիրել եմ ճամփորդել, բայց չեմ դադարել ասել, որ աշխարհի ամենալավ տեղն Արցախն է: Միայն Արցախում ես քեզ տանը զգում, միայն Արցախում ես ամուր հիմքերի վրա»,-ասում է Նանարը:

 

2023թ. սեպտեմբերի 19-ի ողբերգական իրադարձություններից հետո նա հարյուր հազարավոր հայերի նման անցել է օրեր տեւած գաղթի ճանապարհով: Այժմ ծնողների հետ բնակվում է հարազատի տրամադրած տանը, մինչեւ որ կկարողանա տուն վարձել:

 

Երեւանում նրան շատ են օգնում Շեֆիլդի համալսարանի իր կուրսընկերները. «Չեն թողնում, որ որեւէ բանի կարիք ունենամ, ամեն ինչով աջակցում են: Հաճախ զբոսնելու են կանչում, որ մենակ չմնամ»,- ասում է Նանարը:

 

Երեւանում ոտքով հաճախ է զբոսնում, ասում է՝ բլոկադայից մնացած սովորություն է: Միեւնույն ժամանակ Արցախի մտերմիկ ու ջերմ միջավայրի կորստից հետո այստեղ փոքր-ինչ դժվար է:

 

«Արցախում տանից դուրս էիր գալիս՝ բոլորը հարազատներդ էին, ընկերներդ էին, քեզ լավ էիր զգում: Հիմա Երեւանի մեր փողոցում ավելի շատ անգլերեն, ռուսերեն ու արաբերեն եմ լսում, քան հայերեն»,- ասում է նա:

 

Առաջ դեպի հաջորդ մարտահրավեր

 

Վերջերս Նանարը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Շեֆիլդի համալսարան ու այնտեղ մասնակցել իր ավարտական միջոցառմանը: Ասում է՝ միշտ պատկերացրել է իրեն շրջանավարտների այդ հագուստով, եւ չնայած բազում խոչընդոտներին՝ մի երազանք եւս իրականություն դարձավ:

Լուսանկարը` City College

HR-ի 20-ամյա փորձով ու Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմով Նանար Ալեքսանյանն այժմ աշխատանք է փնտրում: Դիմել է տարբեր ընկերությունների, սակայն դեռեւս շոշափելի արդյունք չկա: Աշխատանք գտնելուց հետո կսկսի մտածել իր վաղեմի երազանքն իրականացնելու մասին.

 

«Երազում եմ ունենալ իմ սեփական ուսուցման ու զարգացման կենտրոնը: Արցախում ապրելով միշտ ասել եմ՝ այստեղ խելացի մարդիկ շատ են, բայց հնարավորությունները՝ քիչ: Մտածում էի, որ պետք է մեր երիտասարդներին լավ ուսում ստանալու հնարավորություն տալ»,- ասում է Նանարը՝ հավելելով, որ երազանքի իրականացման ճանապարհին իրեն կօգնեն Շեֆիլդի համալսարանի իր ընկերները, որոնց, որպես բարձրակարգ մասնագետների, կհրավիրի կենտրոնում դասավանդելու:

Լուսանկարը` City College

Նանարը վստահ է, որ նպատակին հասնելու համար առաջին հերթին այն պետք է սահմանել եւ վիզուալիզացնել: «Դրանից հետո ամեն ինչ սկսում է նպատակիդ օգտին աշխատել»,-ասում է նա՝ հիմնվելով սեփական փորձի վրա:

 

Նանարի համար կյանքի կարգախոս է դարձել իր ուսուցիչներից մեկի խոսքը՝ եթե այդ օրը մի նոր բան չես սովորել, իմացիր, որ օրն իզուր ես ապրել: Նա շարունակում է մասնակցել տարբեր դասընթացների, զբաղվում է ինքնակրթությամբ, կարդում է հայտնի մարդկանց ինքնակենսագրականներ եւ ձգտում առաջնորդվել Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոսի խորհրդով՝ առաջ դեպի հաջորդ մարտահրավերը:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին