Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը - Mediamax.am

1386 դիտում

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման նոր կարգը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կառավարման նոր համակարգով պլանավորվել է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաեւ հետագայում տնօրենների  գործունեության ամենամյա մոնիթորինգի եւ ատեստավորման համակարգ:

 

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում էին հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ առկա են դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ բացահայտվում են ինքնուրույն աշխատանքի ամբողջական կամ մասնակի բացակայության հիմքեր, հայտնում են նախարարությունից:

 

Այս խնդիրների կարգավորման եւ գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ:

 

Առաջինն արտագրության փաստի արձանագրման վերաբերյալ դրույթների ներառումն է կարգում, որով նախատեսվում է՝ մինչեւ ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախեւառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը եւ զարգացման ծրագրերի բազան։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Ըստ այդմ՝ ավելացվել են համապատասխան դրույթներ՝ զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու փաստը ստուգելու մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որի արդյունքում արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության։

 

Երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցի անցկացումն է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին եւ անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։

 

Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձեւավորման եւ բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին