Մեդիամաքսի հոդվածից հետո կույր ուսուցիչ Հակոբն արդեն դասավանդում է - Mediamax.am

6791 դիտում

Մեդիամաքսի հոդվածից հետո կույր ուսուցիչ Հակոբն արդեն դասավանդում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 28-ին Մեդիամաքսը գրել էր պատմության ուսուցիչ Հակոբ Կարապետյանի մասին։ Չնայած երկու բարձրագույն կրթությանը, աշխատանքային փորձին ու մեծ ցանկությանը՝ Հակոբը երկար ժամանակ աշխատանք գտնել չէր կարողանում, որովհետեւ կույր է։

 

«Վերջերս Էջմիածնի մի մասնավոր դպրոց դիմեցի։ Զանգեցի, ասացին, որ մրցույթ պիտի լինի, գնացի, որ գրանցվեմ եւ մասնակցեմ։ Հենց հասկացան, որ չեմ տեսնում, ասացին՝ ցավում ենք, մեկ օր առաջ ենք ուսուցիչ ընդունել, այնինչ մրցույթը դեռ նոր պիտի լիներ։ Ասացին՝ էլի մրցույթ կլինի, նորից կմասնակցեք, բայց ես հասկացա, որ քաղաքավարի մերժում են։ Ու այդպես, որտեղ դիմում եմ, չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ հենց նախորդ օրն արդեն ուսուցիչ են ընդունած լինում»,-պատմել էր Հակոբը։

 

Մեդիամաքսի հրապարակումից հետո բազմաթիվ արձագանքներ եղան, շատերը տարածում էին նյութը, կրթության ոլորտի մարդիկ Հակոբի տվյալներն էին խնդրում։

 

Արդեն մեկ շաբաթ է՝ Հակոբն աշխատանք ունի։ Երեւանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում պատմություն եւ հասարակագիտություն է դասավանդում՝ իր սպասածից ավելի մեծ զբաղվածությամբ։

 

Դպրոցի տնօրեն Անժելա Կարապետյանն ասում է, որ Հակոբի հետ կարճ հանդիպումից հետո հասկացան, որ իրենց փնտրած մասնագետն է։

 

«Զրուցելով Հակոբի հետ՝ հասկացանք, որ հրաշալի հմտությունների է տիրապետում, ամենակարեւորը՝ մեթոդական։ Ոչ միայն մենք խնդիր ունենք Հակոբին օգնելու, այլեւ  ուզում ենք, որ Հակոբն օգնի դպրոցին։

 

Մենք՝ ուսուցիչներս ու աշակերտներս, նույնիսկ մոռացել ենք, որ Հակոբն ունի տեսողության խնդիր, ուղղակի չենք կենտրոնանում դրա վրա։ Հակոբին վերաբերվում ենք որպես մասնագիտական լավ որակներ ունեցող անձի, որը մեզ հետ աշխատում է հավասար պայմաններում։ Կարծում եմ՝ համընդհանուր ներառման համար հենց այդ գաղափարներին է պետք ուշադրություն դարձնել, այլ ոչ թե ներառումը ցույց տալու համար անընդհատ շեշտել մարդու առանձնահատկությունը»։  

 

Թեեւ դպրոցում Հակոբի հաշմանդամությունը որեւէ կերպ չի ընդգծվում, բայց տնօրենն ասում է, որ չտեսնող ուսուցչի ներկայությունը կրթօջախում շատ բան է փոխում․ աշակերտներն ավելի աջակցող, հանդուրժող, ազնիվ են դառնում։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին