Տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը չի հաջողում ուսուցիչների պակասի պատճառով - Mediamax.am

exclusive
1576 դիտում

Տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը չի հաջողում ուսուցիչների պակասի պատճառով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Սեբաստացյանը
Արեւիկ Սեբաստացյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Սեբաստացյանը
Արեւիկ Սեբաստացյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ դպրոցներում սկսում են տարածաշրջանային լեզուների՝ թուրքերենի, ադրբեջաներենի, պարսկերենի եւ վրացերենի ուսուցման փորձնական ծրագիր։

 

Նախարարությունը նախապես հարցում էր արել Հայաստանի բոլոր դպրոցներում։ 1400-ից 400-ը դրական էր արձագանքել տարածաշրջանային լեզուներից որեւէ մեկը՝ որպես երրորդ օտար լեզու կամ խմբակ դասավանդելու առաջարկին։

Լուսանկարը` Մեդիամաքս

2022 թվականի սեպտեմբերից ծրագիրը ներդրվեց Հայաստանի 33 դպրոցում։

 

ԿԳՄՍՆ հանրակրթության եւ արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը հիշում է՝ երբ հայտարարեցին ծրագրի մեկնարկի մասին, նախարարություն բազմաթիվ զանգեր էին գալիս, շատերն էին ցանկանում դասավանդել։ Բայց քանի որ չորս լեզուներին տիրապետող մասնագետները հիմնականում չունեն մանկավարժի որակավորում, ծրագրում ընդգրկվել չկարողացան։

 

Մեկ տարի անց ամենակարեւոր՝ մասնագետների հարցը մնում է չլուծված։ Ու նաեւ այդ պատճառով տարածաշրջանային լեզուներ ուսումնասիրող դպրոցների թիվն ավելանալու փոխարեն նվազել է՝ դառնալով 29-ը։

Արեւիկ Սեբաստացյանը Արեւիկ Սեբաստացյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

««Հանրակրթության մասին» օրենքով հստակ սահմանված է, թե ով կարող է ուսումնական հաստատությունում աշխատել որպես ուսուցիչ։ Հաշվի առնելով, որ տարածաշրջանային լեզուների իմացությամբ մասնագետները հանրապետությունում քիչ են եւ ոչ բոլորն ունեն տվյալ ոլորտի բարձրագույն կրթություն, առավել եւս՝ ուսուցչի որակավորում, առաջարկել էինք փոփոխություն կատարել ուսուցչի մրցույթի կարգում. մասնագետին ներգրավվել ուսումնական հաստատությունում՝ տվյալ լեզվի իմացությունը փաստող որեւէ վկայականի հիման վրա։ Բայց արդարադատության նախարարությունը մերժեց մեր առաջարկը՝ դա համարելով «Հանրակրթության մասին» օրենքին հակասող», -ասում է Անուշ Լալազարյանը։

 

Ըստ նրա՝ ծրագրին միացած դպրոցների թիվը նվազել է նաեւ մեկ այլ պատճառով։ Այս տարվանից դպրոցները պարտադիր պետք է ունենան առողջ ապրելակերպի եւ մասնագիտական կողմնորոշման խմբակներ, ինչը դպրոցից լրացուցիչ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Իսկ քանի որ տարածաշրջանային լեզուները հիմնականում դասավանդվում են խմբակի ձեւաչափով եւ պարտադիր չեն, դպրոցները երբեմն ստիպված են հրաժարվել դրանից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թուրքերեն դասավանդելու հնարավորությունը ոգեւորել էր նաեւ Նարեկ Արզումանյանին, որն առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ է, երկրորդով՝ աշխարհագրության ուսուցիչ՝ 5 տարվա աշխատանքային փորձով։ Որպես միջազգայնագետ՝ թուրքերենը Նարեկի մասնագիտական լեզուն է։

 

«Երբ իմացա ծրագրի մասին, շատ ուրախացա, ուզեցի օգնել։ Զանգեցի նախարարություն, ասացին, որ կարող եմ դիմել։ Քանի որ այդ պահին Լոռիում էի աշխատում, նախարարությունից վերցրեցի Լոռու այն դպրոցների ցանկը, որոնք ընտրել էին թուրքերենը։ Գյուղերից մեկի դպրոցի տնօրենի հետ որոշեցինք թուրքերենը խմբակի ձեւով անել, մոտ 20 երեխա գրանցվեց։ Բայց հետո նախարարության մեկ այլ աշխատակից ասաց, որ չեմ կարող դասավանդել, որովհետեւ թուրքերենի ուսուցչի որակավորում չունեմ։ Առաջարկեցի որեւէ ձեւով գիտելիքի ստուգում անել, որովհետեւ ե՛ւ լեզվին եմ տիրապետում, ե՛ւ մանկավարժի փորձ ունեմ։ Ցավոք, մերժեցին։

 

Ես դրամական որեւէ ակնկալիք չունեի, որովհետեւ դպրոցում խմբակավարը չնչին աշխատավարձ է ստանում։ Թուրքերեն դասավանդելն ինձ համար սկզբունքի հարց էր»,-ասում է Նարեկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախարարությունը չունի տարածաշրջանային լեզուներ դասավանդող ուսուցիչների բազա, որովհետեւ նրանց թիվը չափազանց քիչ է։ Եթե մասնագետը դիմում է իրենց, տրամադրում են դպրոցների ցանկ։ Բայց ավելի հաճախ դպրոցներն իրենք են փնտրում մասնագետի։

 

Երեւանի թիվ 2 ավագ դպրոցում թուրքերենը երրորդ օտար լեզու է։ Որոշումը դպրոցի մանկավարժական խորհուրդն է կայացրել։

 

«Սա միանշանակ չընդունվեց ծնողների եւ աշակերտների կողմից։ Եղան բողոքներ, թե  ինչի պետի թուրքերեն սովորենք։ Բայց մենք պետք է մի պարզ ճշմարտություն արձանագրենք, որ եթե ուզում ենք բոլոր իմաստներով հաղթող լինել, պիտի իմանանք այդ լեզուն»,- ասում է դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյանը։

Արեւիկ Սեբաստացյանը Արեւիկ Սեբաստացյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսուցչուհուն՝ Արեւիկ Սեբաստացյանին, երկար են փնտրել։ Արեւիկը թուրքագետ է, ապրել է Ստամբուլում, դասավանդել տեղի հայկական վարժարանում ու թղթակցել Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթին։

 

Թուրքագետի մասնագիտությունն արցախցի Արեւիկի համար հայրենիքին ծառայելու միջոց է։ Առաջին անգամ թուրքերեն դասավանդել է 2020 թվականի պատերազմից հետո։

 

«2020 թվականի նոյեմբերի 10-ի ողբերգական օրը որոշեցի՝ պետք է թուրքերեն դասավանդեմ, քանի որ լսել էի, որ իրենք լավագույնս տիրապետում են հայերենին եւ դրանով կարողացել են մեր զինվորներին մեծ վնասներ հասցնել»։

 

Երբ ստացավ նաեւ դպրոցում դասավանդելու առաջարկ, Արեւիկն առանց երկմտելու համաձայնեց։ Երեք ամիս սեփական միջոցներով սովորեց Մանկավարժական համալսարանում, ստացավ 30 կրեդիտ, որը, ըստ «Հանրակրթության մասին» օրենքի, անհրաժեշտ է բարձրագույն, բայց ոչ մանկավարժական կրթություն ունեցող մասնագետին՝ դպրոցում դասավանդելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմնական դժվարությունն այն է, որ որոշ աշակերտներ թուրքերի նկատմամբ թշնամանքի պատճառով չեն ցանկանում լեզուն սովորել։ Ես բացատրում եմ, որ նրանց լեզուն տիրապետելով՝ մենք կարող ենք բազմաթիվ անվտանգային հարցեր լուծել, մասնավորապես՝ ռազմի դաշտում։ Բայց հատկապես տղաների մեջ կուտակված թշնամանքը թույլ չի տալիս սթափ դատել։ Անցյալ տարի գերազանց սովորող մի քանի տղա մոտեցան, ասացին՝ մենք թուրքերեն չենք սովորելու, կուզեք՝ 2 դրեք, չենք սովորելու»,- պատմում է ուսուցչուհին։

 

Թուրքերենի եւ ադրբեջաներենի նկատմամբ հասարակության զգայուն վերաբերմունքը հաշվի առնելով՝ նախարարությունը որոշել էր, որ այս երկու լեզուները, ի տարբերություն պարսկերենի ու վրացերենի, միայն ավագ դպրոցում կդասավանդվեն։ Արեւիկն այս մոտեցման հետ համաձայն չէ։ Ասում է՝ լեզվին տիրապետելու համար երկու տարին բավարար չէ։ Ծրագիրը բարդ է, դասաժամերը՝ քիչ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարածաշրջանային լեզուների դասագիրք չկա, որովհետեւ ծրագիրը փորձնական է։ Արեւիկը, օրինակ, հիմք ընդունելով նախարարության հաստատած ծրագիրը՝ իր համալսարանական դասագիրքն է օգտագործում։

 

Թեեւ հարցված դպրոցների մեծ մասը ցանկացել է թուրքերենի եւ ադրբեջաներենի ուսուցում կազմակերպել, բայց այս պահին ծրագրում ընդգրկված 29 դպրոցների գերակշիռ մասում՝ 14-ում, դասավանդվում է պարսկերեն, 8-ում՝ թուրքերեն, 4-ում՝ վրացերեն, 3-ում՝ ադրբեջաներեն։ Պարսկերեն ընտրել են հիմնականում Երեւանի եւ Կոտայքի մարզի դպրոցները, թուրքերեն՝ մայրաքաղաքի եւ Արմավիրի մարզի, վրացերեն՝ Շիրակի եւ Տավուշի մարզերի ուսումնական հաստատությունները, իսկ ադրբեջաներեն՝ Սյունիքում։ Լեզուների ընտրությունն ու տարածաշրջանային բաշխվածությունը մեծապես պայմանավորված է մասնագետների առկայությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փաստացի, կառավարության հաստատած ծրագիրը, որն այն ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը որակել էր որպես «կարեւոր գործընթաց՝ տարածաշրջանային լեզուների, այդ տարածքում մեր շահերի, դիրքերի, մարտահրավերների իմացության եւ նորովի վերաիմաստավորման նպատակով», թողնված է ինքնահոսի։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին