Եթե շատերի մոտ սեպտեմբերի 1-ը նախանշում է ուրախ դպրոցական իրարանցում, վառ ծաղկեփնջեր ու դպրոցական համազգեստ կրել-չկրելու ամենամյա թեժ բանավեճերը, ապա մերօրյա Արցախում գիտելիքի օրվան այս տարի, որքան էլ տարօրինակ հնչի, անորոշությամբ ու անելանելիության զգացումներով են սպասում: Կամ էլ այլևս չեն սպասում:
Շրջափակման մեջ գտնվող 30 000 արցախաբնակ երեխաներից 19 000-ը աշակերտներ են: Ինչպե՞ս են այս տարի սկսելու ուստարին տոտալ շրջափակման, թերսնուցման, տրանսպորտի բացակայության, հագուստի և գրենական պիտույքների սղության պայմաններում՝ դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքներում այս հարցերից ոչ մեկի պատասխանը դեռ չունեն, իսկ արցախցի կանանց ու մայրիկների առցանց խմբերում միայն ավելանում են հագուստի անվերջ ու անհույս փնտրտուքի, փոխանակման հայտարարությունները, իսկ Ստեփանակերտի փողոցներում՝ գրենական պիտույքների անծայր հերթերը:
Կրթության իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, նույն կառույցի ընդունած՝ Երեխաների իրավունքների կոնվենցիայի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդվածներով, հետպատերազմյան Արցախում կոպտորեն խախտվում է պարբերաբար թե՛ բլոկադայից առաջ, թե՛ առավել ևս դրա ընթացքում:
Արցախում բնակվող փոքրիկները վերջին երեք տարում ամեն նոր ուսումնական տարում են բախվել կրթության իրավունքի խախտմանը. 2020-ի պատերազմ, 2022-ի «գազային տեռոր», 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչ օրս՝ շրջափակում:
Սեպտեմբերի 1-ը, որն այլևս տոն չէ
Երեք երեխաների մայր Իրինա Վանյանն ապրում է Մարտակերտում, այս տարի երրորդ դասարան փոխադրվող ավագ որդու համար գրենական պիտույքներ գտնել դեռ չի հաջողվում: Նոր պայուսակի, կոշիկների և հագուստի ընտրության մասին փոքրերն այլևս չեն էլ երազում: Ինչ էլ լինի՝ գոհ կլինեն: Արցախի մարզերում ապրող ծնողների համար այս խնդիրն է՛լ ավելի բարդ է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտի հետ նրանց կապող հիմնական տրանսպորտ վառելիքի բացակայության պատճառով վաղուց չկա:
«Գրենական պիտույքների մեծ խնդիր կա հիմա, չգիտենք թե երեխան ինչ պիտի օգտագործի դպրոցում ,պայուսակը կարող է անցած տարվանը վերցնել, բայց տետրերի և գրիչների մեծ սղություն կա: Հագուստի հետ կապված ստիպված ենք ինչ պատահի հագցնել երեխային , որովհետև ոչինչ չկա հիմա, որ կարողանաս նոր բան գնել։ Խանութներում ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ: Ինչ վերաբերվում է սննդին՝ ով կարողացել է այգի մշակել, մի կերպ ապրում է, իսկ շենքերում ապրողները փորձում են ուրիշներից գնելով մի կերպ յոլա գնալ։ Հիգիենայի պարագաների մեծ խնդիր կա ու ամենաշատը սրանից տուժվում եմ մեր բալիկները»։
Արցախցի մայրիկներից շատերը ահազանգում են՝ եթե հումանիտար իրավիճակը չկարգավորվի և եղած խնդիրներին գումարվեն նաև սեզոնային վիրուսային հիվանդություններն աշնանը՝ դպրոցականների ծնողները կհայտնվեն անելանելի վիճակում. դեղորայք Արցախում գրեթե չկա:
Մայրիկները խոստովանում են՝ անգամ բակ խաղալու երեխաներին վախով են ուղարկում, որևէ վնասվածքի դեպքում բուժման հնարավորությունները շատ սահմանափակ են: Իսկ թերսնուցման և շոգ եղանակի պայմաններում երեխաների՝ ոտքով դպրոց գնալ- էլ ավելի մտահոգիչ է թվում:
«Հիվանդների մեծ մասին հիմա չեն կարողանում պառկեցնել հիվանդանոց, որովհետև դեղերի խնդիր կա, դեղատներում էլ նույնիսկ սովորական ջերմիջեցնող չես գտնի։ Մի խոսքով ցեղասպանության մի նոր տեսակ է, դանդաղ մահ», - ասում է Իրինա Վանյանը:
Խոստովանում է՝ իրավիճակն անդրադառնում է նաև երեխաների հոգեբանական վիճակի և ուսման մոտիվացիայի վրա.
«Որ գիտեն այս վիճակն է՝ ասում են՝ «Լավ է չգնանք դպրոց»: Երեխաները սովոր են, որ սեպտեմբերի 1-ը տոն է, սովոր են այն դիմավորել ծաղկեփնջերով, սև-սպիտակ համազգեստով…»:
Արդյո՞ք հնարավոր է, որ առկա իրավիճակի հետևանքով դասերն Արցախի հանրակրթական դպրոցներում հետաձգվեն, երեխաների՝ հյուծվածության կամ բլոկադայի հետևանքով առաջացած այլ խնդիրների պարագայում ինչպիսի լուծումներ են մշակվել, գրենական պիտույքների սղության հարցն ինպե՞ս է նախատեսվում լուծել դրանք հայթայթել չկարողացած ընտանիքների երեխաների համար՝ Արցախի ԿԳՄՍ նախարարությունից Մեդիամաքսի գրավոր հարցմանն այդպես էլ չեն պատասխանել:

Լուսանկարը` Մարութ Վանյան
Այս ընթացքում Արցախում տեղական արտադրության պայուսակներ կարելու նախաձեռնությունն է միայն, որ մի փոքր թեթևացրել է առաջին դասարանցիների ծնողների բեռը: Առաջին անգամ նման փորձ ունեցած գործարանում կտորի և ժամանակի սղությունը հաշվի չեն առել՝ ամեն ինչ դրել են մի կողմ ու սկսել աշխատել:
Ներկայում ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Ղարախանյանը նշում է՝ պատահական է միտքը հղացել, ընկերներից Ազատուհի Սիմոնյանի հետ զրույցում որոշեցին ու արեցին.
«Զանգեցի գործարանի տնօրենին՝ Վալերի Բալայանին, ասացի՝ «Կտոր ունե՞ք», ասաց՝ «Հա»: Մոդելն ուղարկել ենք, հաշվարկ են արել, շատ նորմալ գին են նշել, մեկ պայուսակը 5000 դրամով հաջողվել է ձեռք բերել: Այսպիսով՝ առաջին դասարանցիները կունենան անվճար կտորե պայուսակներ դպրոց հաճախելու համար: Ֆինանսական աջակցության համար ամենաարագն արձագանքել է Հայ կրթական հիմնադրամը, ինչի համար շատ երախտագետ ենք»:
Ստեփանակերտում բնակվող երիտասարդ մայրիկ Արմինե Ավետիսյանն էլ իր լուծումն է փորձել վերջերս առաջարկել մյուս ծնողներին, ըստ նրա՝ անանուն փոխանակումը կարող է օգնել շատերին՝ չվիրավորելով ոչ ոքի արժանապատվությունը: Կարծում է՝ եթե այս նախաձեռնության համար տարածք տրամադրվի՝ հնարավոր կլինի արագ ու արդյունավետ շատերին օգնել.
«Երբ տեսնում եմ որևէ մեկը նկարում և տեղադրում է ինչ-որ հագուստ կամ իր և ասում է, որ պատրաստ է նվիրել և տաս հոգի պլյուս են դնում այդ հրապարակման տակ ամաչելով, ես ցավ եմ ապրում։ Մարդը ցավ է զգում վերցնելիս, որովհետև տեղը նեղն է։ Եթե կան առաջարկներ նվիրելու, ուրեմն կա խնդիր ապրանքն իրացնելու, եթե կան հրապարակման տակ պլյուս դնողներ՝ ուրեմն կա կարիք ու մեծ։ Որպեսզի երկու կողմերն էլ շահեն ու լավ զգան՝ թե՛ բարի գործ անելիս, թե՛ վերցնելիս, ճիշտ կլիներ, որ անանուն ձևաչափով կատարվեր հավաքագրումը և նույն ձևով վերցվեր տվյալ տեղամասից։ Ես ունեմ երկու բալիկ, պարբերաբար շորեր են ավելանում երեխաների չափսերի փոփոխության հետ կապված, կարելի է այս պայմաններում երկկողմանի շահավետ «գործարքով» օգնել միմյանց: Կարծում եմ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է մեկս մյուսին օգտակար լինենք», - նշում է Արմինե Ավետիսյանը՝ հավելելով, որ բացի հագուստի ու անհրաժեշտ այլ իրերի՝ խանութներում շատ սահմանափակ մնացած քանակից խնդիր է նաև եղած ապրանքի թանկությունը, առավել ևս, երբ բլոկադայի պատճառով Արցախում գործազրկությունը դարձել է համատարած երևույթ:
«Սկզբից ընդունվելն էր երազանք, հիմա՝ սովորելը»
Նոր ուսումնական տարվա նախաշեմին պաշարված Արցախում մեկ այլ լուրջ խնդիր է Երևան տեղափոխման սպասող ուսանողների հարցը, որը դեռ վերջնական լուծումներ չի ստանում: Կրթության և տեղաշարժի իր իրավունքից զրկված անորոշ սպասման մեջ է նաև Հադրութի Մեծ Թաղեր գյուղից 18-ամյա Աննա Աբաղյանը: Պատերազմից հետո Աննան ընտանիքի հետ վերադարձել է Արցախ: 5 հոգանոց ընտանիքը տեղավորվել է Ստեփանակերտի հյուրատներից մեկում, որտեղ էլ ապրում են մինչ օրս: Այս տարի բլոկադայի պայմաններում Աննային հաջողվել է ինքնուրույն իրականացնել իր մեծ երազանքներից մեկը՝ Կոնսերվատորիայի ժողերգեցողության և վոկալի բաժին ընդունվելը: Արտառոց, հեռակա պայմաններում է հանձնել քննություններն ու այժմ չգիտի՝ ե՞րբ է հաջորդ քայլն անելու Կոնսերվատորիայի շենքից ներս:
Չնայած նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել՝ Աննայի և մնացած նորաթուխ ուսանողների համար ամենակարևոր՝ իրենց կրթության իրավունքի իրացման հարցը դեռ մնում է օդում կախված. շատերը ոչ մի հստակ բան չգիտեն, թե որտեղ կդիմավորեն համալսարանական առաջին ուսումնական տարին:
«Այս վիճակը որ արդեն եղավ՝ պարապում էինք, բայց չգիտեինք՝ կստացվի՞ մեզ տեղափոխել, թե չէ: Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ կկարողանան տանել, մեր թղթերը հավաքեցին, պատրաստեցին, բայց չստացվեց: Ի վերջո, քննությունները օնլայն կազմակերպեցին, ընդունվեցինք: Այդ հարցում դժվարություն չեմ ունեցել, Կոնսերվատորիայի անձնակազմը մեզ այդ առումով շատ լավ է վերաբերվել, օնլայն երկու քննություն ենք հանձնել: Սկզբից ընդունվելն էր երազանք, հիմա՝ սովորելը: Վերջին անգամ, երբ գնացի էստեղի ԿԳՄՍ՝ ասեցին, որ նախարարն էլ չգիտի՝ կկարողանան մեզ տեղափոխել, թե ոչ: Արցախից 9 հոգով ենք ընդունվել Կոնսերվատորիա»:
Աննան չի հերքում՝ հիմա ինքն էլ չգիտի՝ իր Երևան չհասնել՞ն է ավելի մեծ խնդիր լինելու, թե՞ հասնելը: ԿԽՄԿ-ի առաքելության միջոցով սրտի վիրահատության համար Երևան մեկնող Վագիֆ Խաչատրյանի՝ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տարածքում առևանգումը Արցախում շատերին է մղել անորոշության ու ավելի մեծ տագնապների:
«Մեկը ես շատ եմ վախենում, կարող ա գնանք տեղ չհասնենք, կարող ա գնանք ու չկարողանանք հետ գալ: Մարդ կա վիրավոր է, 44-օրյայի մասնակից, ամեն ինչ կարող են անել անցակետում, չէ՞, կամ թեկուզ մենք՝ մենակ աղջիկ… Մինչև Խաչատրյանի դեպքն էլ, անցակետը դնելու ժամանակ ես արդեն կանխազգում էի էս ամենը: Ես որ գնում էի պարապունքների ու արդեն բլոկադան սկսվել էր՝ չգիտեինք, թե հնարավոր կլինի՞ գնալս, թե չէ, բայց ծնողներս խորհուրդ տվեցին ընտրել մի ուրիշ մասնագիտություն, որը հնարավոր կլինի էստեղ, Արցախում սովորեմ: Բայց ես հույս էի պահում, դա իմ երազանքն էր ու չէի ուզում իմ երազանքից հրաժարվել: Հիմա էլ շատ կուզեմ, որ ստացվի գնալը: Իմ պես շատերը կան, դրա համար էլ, ըստ իս, պետք է հնարավորինս արագ ու կառուցողական որոշումներ կայացվեն: Որ մենք սովորենք ու աշխատենք մենք մեզ համար, այլ ոչ այլ երկրներում: Դա է իմ ցանկությունը, բայց չգիտեմ… Քանի գնում վատ մտքեր են գալիս: Մերոնք էլ են վախենում, գուցե իրենց երեխան գնա ու էլ երբեք չտեսնեն: Մյուս կողմից էլ որ տեսնում են շատ եմ ուզում գնամ՝ համ ուզում են իմ համար լավ լինի համ չգիտեն ինչ անեն»:
Ի վերջո՝ սպասել տեղափոխմա՞ն, թե պատրաստվել օնլայն դասապրոցեսների: Հստակ պատասխաններ ուսանողներին և նրանց ընտանիքներին համապատասխան մարմիններից դեռ չեն տրվել: Չի բացառվում, որ ոմանք չեն ունենա այս տարբերակներից ոչ մեկը, ոչ մյուսը և ստիպված կլինեն հետաձգել ուսանողության երազանքը: Ըստ Աննայի՝ եղել են համալսարաններ, որոնք հրաժարվել են օնլայն դասապրոցեսներից, սակայն ինքը դեռ չգիտի՝ իր երազանք Կոնսերվատորիան այդ ցանկում է, թե ոչ:
Հայտնի է, որ օգոստոսի 21-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հնարավոր է եղել տեղափոխել ուսանողների մի մասին միայն: Թե ինչու՞ ինքը չի հայտնվել այդ հնարավորությունն ունեցածների ցուցակում, դուրս գալ հաջողածների առավելությունները որո՞նք էին՝ Աննան և բլոկադայից ներս մնացած մյուս ուսանողները չգիտեն: Նրանց հետ մինչ այս պահը ոչ ոք չի կապվել:
Հ.Գ
Արձագանքելով մեր հարցերին՝ Արցախի ԿԳՄ նախարարությունից օգոստոսի 23-ին նշել են, որ ներկայում առկախնդիրների հաղթահարման համար մի քանի առաջարկ դեռ քննարկման փուլում է: Մասնավորապես, նախարարությունից նշել են, որ քննարկվում են տարբերակներ դպրոցներում փոքրիկ նախաճաշ կամ լանչ կազմակերպելու, քանի որ թերսնուցման հետեւանքները լավ պատկերացնում են: Քննարկվում է նաեւ հաշմանդամություն ունեցող աշակերտների՝ դասերին հեռավար մասնակցելու հնարավորությունը:
Ինչ վերաբերվում է ուսանողների՝ ՀՀ տեղափոխման հետ կապված խնդիրներին,ԿԳՄՍ տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Նարե Նիկողոսյանը հայտնել է, որ ուսանողների փոխադրման, մեկնողներին առաջնահերթություն տալ-չտալու եւ նրանց հետ կապ հաստատելու գործընթացին ԿԳՄՍ-ն չի մասնակցում, նախարարությունից պահանջվել են ուսանողների ցանկերը միայն, իսկ մնացյալ գործընթացները կատարվել են ավելի բարձր գերատեսչություններում:
Նշենք, որ Երեւանի տարբեր բուհեր ընդունված ուսանողների մի մասը շարունակում է մնալ բլոկադայի մեջ։ Նրանց մի մասից Մեդիամաքսը պարբերաբար ստանում է ահազանգեր, թե մեկնողների մի մասը որեւէ բուհ չի ընդունվել, սակայն հաջողել է ճեղքել շրջափակումը՝ ներկայանալով ուսանող: Թեման կմնա մեր ուշադրության կենտրոնում:
Սոֆիա Հակոբյան (Ստեփանակերտ)
Լուսանկարները՝ Մարութ Վանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: