Երեւան։ Մեդիամաքս։ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը:
2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի:
Միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:
Բուհերին տրամադրված 2 128 անվճար տեղերից համալրվել է 1 778-ը, իսկ 15 984 վճարովի տեղերից՝ 7 220-ը:
«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: