UWC Դիլիջանում տեղի է ունեցել 2023թ. ավարտական արարողությունը - Mediamax.am

1127 դիտում

UWC Դիլիջանում տեղի է ունեցել 2023թ. ավարտական արարողությունը


Լուսանկարը` UWC Դիլիջան


Երեւան։ Մեդիամաքս։ UWC Դիլիջան քոլեջում տեղի է ունեցել 2023 թվականի ավարտական արարողությունը՝ ավելի քան 80 երկրից 103 ուսանող ավարտել է դպրոցը:

Այս տարվա ավարտական արարողության թեման էր «Միասին հանուն խաղաղության»:

 

UWC Դիլիջանի 2021/23 սերնդի շրջանավարտ, Արցախից Նանա Հայրումյանը նշել է, որ «եթե ոմանց համար խաղաղությունը մարդու հիմնարար իրավունք է, իմ նման ուսանողների համար, ովքեր հակամարտության գոտուց են, խաղաղությունը արտոնություն է»։

 

«Դեռ երեք ամիս առաջ բախվեցի մի իրավիճակի, որը կրկին վիճարկեց խաղաղության մասին իմ գաղափարները: Ինձ մնում էր միայն հուսալ, որ մի օր կճեղքեմ Արցախի շրջափակումը եւ UWC կվերադառնամ: UWC Դիլիջանում խաղաղությունը պարզապես մաղթանք չէ, այլ մեր անելիքը»,- ասել է նա:

 

 

UWC Դիլիջանի խորհրդի համահիմնադիր եւ նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ ավարտական արարողությունը յուրահատուկ պահ է.

 

«Այս կարեւոր նշաձողին հասնելով՝ վստահ ենք, որ մեր շրջանավարտներն ամեն ինչ կանեն, որպեսզի մեր փոթորկուն աշխարհն ավելի մարդասեր, ներդաշնակ եւ երջանիկ դառնա: Աշխարհում տեղի ունեցող աղետներն ու մարտահրավերներն իրենց արձագանքն են գտնում մեր համայնքում: Այդուհանդերձ այս փորձությունների ֆոնին UWC Դիլիջանը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ ցուցաբերեց այնպիսի միասնականություն, որը ոգեշնչում է մեզ բոլորիս»:

 

 

Այս տարի 20 տեղի համար UWC Հայաստանի ազգային կոմիտեն ստացել է 204 հայտ Հայաստանից եւ Արցախից։ Մրցույթն անցած երիտասարդներից 8-ը կսովորի ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Հնդկաստանի եւ Տանզանիայի UWC դպրոցներում, մյուսները կսովորեն UWC Դիլիջանում:

 

Մեր 2023թ. շրջանավարտներից 21-ը նախընտրել է մեկ տարի դադար վերցնել նախքան բարձրագույն կրթությունը, իսկ մյուսները կշարունակեն կրթությունը համալսարաններում: Շրջանավարտների 76.7 տոկոսը կուսանի ԱՄՆ-ում, 4 տոկոսը կմեկնի Կանադա, 2.7 տոկոսը՝ Մեծ Բրիտանիա, 2.7 տոկոսը՝ Գերմանիա: Շրջանավարտների 9.6 տոկոսը ուսումը կշարունակի Նիդեռլանդներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին