Պատմության «բանալիները», ազգային էլիտան եւ «ո՞վ եմ ես» հարցի պատասխանը - Mediamax.am

exclusive
2414 դիտում

Պատմության «բանալիները», ազգային էլիտան եւ «ո՞վ եմ ես» հարցի պատասխանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Ստեփանյանը
Ալբերտ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մեսրոպ քահան Արամյանը
Տեր Մեսրոպ քահան Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Աթանեսյանը
Արթուր Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատմությունից չքաղված դասերի մասին շատ հաճախ է խոսվում, բայց շատ հազվադեպ այն մասին, թե ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս հասկանալ ու վերլուծել պատմությունը, ինչպե՞ս օգուտներ քաղել անցյալից։

 

«Այբ» դպրոցում «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպմանը պատմության ընկալման բանալիների մասին են խոսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը եւ «Այբ» դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։

 

Պատմություն՝ իմանալ անցյալը, ըմբռնել ներկան, ուրվագծել ապագան

 

Արթուր Աթանեսյան

 

Եթե հարցնենք՝ ինչի՞ է պետք իմանալ այս կամ այն դարում տեղի ունեցած իրադարձությունները, ապա շատ կոնկրետ խնդիր է առաջանում՝ երեւի, որ դասեր քաղենք։ Սակայն փաստացի դպրոցի, բուհական դասագրքերի մեծ մասում «ի՞նչ անենք» հարցի պատասխանը չկա։ Օրինակ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալիս՝ մենք բոլորս միասին ենք, բայց իջնելիս՝ առանձին։ Գնում ենք, ծաղիկներ դնում, արտասվում, հիշում, եւ դա անում ենք անկեղծորեն։ Իսկ հետո սկսվում է անկումը, աստիճաններ դեպի Հրազդան մարզադաշտ՝ Երեւանի կենտրոնի փոշոտ, աղտոտված հատվածը, եւ բոլորս ոչ թե ցրվում, այլ՝ ցվրվում ենք, արագացնում ենք մեր ընթացքը, որ մի սրճարան գնանք ու մոռանանք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա այն չէ, ինչ մեզ պետք է սովորեցնի պատմությունը։ Եթե գնաք էքսկուրսիա Բուդապեշտի հրեական գերեզմանատուն, ապա գիդը դուրս գալուց ձեզ կասի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս ապրել։ Մեզանում պատմության մեկնաբանությունը, կիրառումը պետք է այդպիսի կոնկրետ ուղղություններ ունենա։

 

Պատմությունը երեք շերտ ունի. մակրոմակարդակ՝ մեր բոլորի պատմությունը, միջինը՝ յուրաքանչյուրիս պատմությունը մեր ընտանիքի, խմբի մեջ, եւ ամեն մեկս մեր պատմություններով։ Այս երեքը պիտի կապված լինեն միմյանց։ Մեր ազգային խնդիրն այն է, որ մեր անձնական պատմությունները չենք ուզում կամ չենք կարողանում կապել մեր ազգային պատմության հետ։

 

Ալբերտ Ստեփանյան

 

Պատմությունը հետհայացություն է, բայց հետազոտական հետհայացություն՝ ներկան ըմբռնելու եւ ապագայի ինչ-ինչ հատկանիշներ ուրվագծելու համար։ Մարդկությունը միշտ էլ պետք է կարիք ունենա այսպիսի գիտական ըմբռնման՝ ի՞նչ է կատարվել մեզ հետ, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կարող է կատարվել։ Սա մարդուն եւ հանրույթին, հասարակությանը ներհատուկ հարցադրումների ամբողջություն է։

 

Ո՞վ է ստեղծում պատմությունը։ Կոմունիստական ժամանակաշրջանից մնացած տեսակետ կար, թե ժողովուրդը, ազգն է ստեղծում պատմությունը։ Ամենեւին։ Ժողովուրդը, ազգը տալիս է պատմանյութ, բայց դա պատմություն է դարձնում էլիտան եւ հրամցնում ժողովրդին՝ ասելով՝ սա ես դու։ Մեզ պակասում է էլիտա՝ իսկական, մտավոր, հումանիտար։ Կստեղծե՞նք մտավոր էլիտա, նա էլ կձեւավորի մեր պատմությունը, դաշտը։

Ալբերտ Ստեփանյանը Ալբերտ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզ պետք է ստեղծել ազգային էլիտա՝ միավորելով սփյուռքի եւ հայրենիքի մեր բոլոր ուժերը, որպեսզի մեր պատմանյութը դառնա պատմություն։

 

Տեր Մեսրոպ քահան Արամյան

 

Անցյալի նկատմամբ հետաքրքրությունը միշտ ուղեկցել է մարդուն։ Եթե մարդկային կյանքը պատկերացնենք որպես մի ծառ, ապա արմատներն անցյալն են, պտուղները կամ սաղարթը՝ ապագան, ծառի բունն էլ ներկան է։ Առանց արմատների հնարավոր չէ պատկերացնել ծառի գոյությունը, եւ այդ իմաստով ներկան, մեր կյանքը պայմանավորված է անցյալով։ Երբեմն այդ անցյալը շատ ավելի ազդեցիկ է մեր կյանքում, քան՝ պատկերացնում ենք, որովհետեւ այն ամենը, ինչ մենք ունենք որպես ինքնություն, մեծամասամբ ժառանգել ենք անցյալից։ Հետեւաբար, անցյալի մեջ մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար մեր ապրումներով շատ բան ենք դնում, համարում ենք, որ անցյալը մի գանձարան է, կարեւոր ուսուցումներ է փոխանցում, առանց անցյալի չենք կարող պատկերացնել մեզ՝ որպես մարդ, հասարակություն կամ ժողովուրդ։

Տեր Մեսրոպ քահան Արամյանը Տեր Մեսրոպ քահան Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցյալի հետ կապված են այսպիսի էքզիստենցիալ պահեր, «ո՞վ եմ ես»-ի պատասխանը շատ հաճախ փնտրում ենք անցյալում, քան՝ ներկայում։ Բայց ներկան եւ անցյալն իրար հետ կապակցված են. ներկան հետեւանք է անցյալի, բայց անցյալն էլ հետեւանք է ներկայի, որովհետեւ մենք ներկայի աչքերով ենք նայում անցյալին, եւ երկուսն էլ փոխկապակցված են ապագայի հետ։ Առանց ապագայի տեսլականի, լույսի, մենք ո՛չ անցյալը  կտեսնենք, ո՛չ էլ կհասկանանք, թե ներկան ինչ է իրենից ներկայացնում։

 

Բանալիներ, որոնք օգնում են հասկանալ պատմությունը

 

Ալբերտ Ստեփանյան

 

Պատմագրության մեջ շատ հետաքրքիր հարցադրումներ կան՝ միշտ պետք է անենք, հետո՞ գրենք, թե՞ կարելի է գրել, հետո անել։ Պարզվում է՝ այս երկրորդ մոտեցումը քանի գնում, այնքան ավելի ակտիվանում է։ Մեզանում Խորենացուց սկսած դա արդեն կա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կա մի հատուկ արհեստ, փեշակ, որին տիրապետողներին սկզբից պատմագիր էինք ասում, հետո՝ պատմագետ, որը որոշակի վերաբերմունք ունի անցյալի, ապագայի եւ ներկայի նկատմամբ։ Մի ժամանակ սա քրմական գործառույթ էր, բայց պատմագետները եկան եւ դա դարձրին գիտական։ Ո՞վ է պատմագետը։ Ես կարող եմ պատմությունը վերականգնել՝ ելնելով իմ արդի պատկերացումներից. սկսում եմ մեկնաբանել անցյալը,  իմ ժամանակաշրջանի պատճառականությունը, հոգեբանությունը, գործելակերպը վերագրում եմ նրան։ Կարելի է եւ հակառակն անել, ես ենթարկվեմ նրանց պատկերացումներին, ըմբռնումների, հասկացություններին։ Երկու դեպքում էլ պատմությունը փակ է մնում մեր առջեւ։ Ի՞նչ պիտի անենք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռեւս Ցիցերոնն ասում էր, որ պետք է երկխոսություն սկսել պատմության հետ։ Գրելու պարագային՝ պատմության մեջ առնվազն երկու մարդ կա՝ այն ժամանակաշրջանի մարդը իր ըմբռնումներով, իր մոտեցումներով, իր ճաշակով, եւ երկրորդը՝ ես եմ։ Մեր միջեւ պետք է լինի երկխոսություն։ Ենթադրենք, հնագետը մի գերեզման է քանդել։ Մի ժամանակ մարդն իր հորն է թաղել էդտեղ, տխրել է, ծես է արել, բայց հիմա մենք դա լրիվ ուրիշ ձեւով՝ որպես տեքստ ենք ընկալում անցյալը հասկանալու համար՝ ոսկորներն ի՞նչ ձեւով են դասավորված, ի՞նչ ծեսով է կատարվել, ի՞նչ աշխարհայացք  ունեին։ Պատմությունը երկխոսային է առնվազն, որովհետեւ հեռավոր մարդու եւ իմ միջեւ կարող են էլի մարդիկ, էլի հեղինակներ լինել։ Ուրեմն, պատմաբանի գրույթը կախված է այն բանից, թե մենք ինչպիսի պատմագետ ենք պատրաստում համալսարանում, ի՞նչ երաժշտություն է լսում, ի՞նչ փիլիսոփայություն է կարդում, ի՞նչ ֆիլմեր է դիտում, ի՞նչ ճաշակ ունի, ի՞նչ պատմագիտական ըմբռնումներ ունի։ Պրոֆեսիոնալի նախապատրաստումն արտակարգ մեծ կարեւորություն ունի, որպեսզի նա այս մտավոր թատրոնը կազմակերպի։

 

Արթուր Աթանեսյան

 

Շատ հայտնի գերմանացի գիտնական Ալեյդա Ասմանը հայտնի է հիշողության իր մոդելներով։ Նա առանձնացնում է միասին հիշելու եւ միասին մոռանալու երկու բանալիներ։ Առաջինը՝ «երկխոսական մոռացում» մոդելն է։ Եթե երկու կամ ավելի կողմեր, որոնք մասնակցել են պատմական այս կամ այն իրադարձությանը, որը երկուսի կամ բոլորի համար տրավմատիկ հիշողություն է, որոշում են հիշելով չխոսել եւ մոռանալ այդ մասին, մոռանալ, որ կարելի է նորից խոսել եւ նորից վերադառնալ կոնֆլիկտային իրականություն։ Այս մոդելն է կիրառվում այսօրվա Եվրամիության երկրների կողմից։ Նրանք ունեն տրավմատիկ հիշողություն, միմյանց հետ կապված պատմություն, մասնավորապես՝ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները, եւ այսօր ակտիվ կիրառում են այդ մոդելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդը, որ Ասմանն առաջարկում է որպես պատմությունը հասկանալու եւ այն կիրառելու բանալի, «հիշել, որպեսզի այն երբեք չմոռանաս» մոդելն է։ Այդ մոդելը մասնավորապես կիրառվում է Իսրայել պետության կողմից։ Եթե դու ունես բացառիկ պատմություն, անգամ՝ շատ տրավմատիկ, բայց դրա մոռանալը կարող է ստեղծել մի իրավիճակ, որ այդ տրավմատիկ պատմությունը կշարունակվի եւ կկրկնվի, դու ոչ միայն այն պետք է չմոռանաս, այլ պիտի ակտիվորեն հիշեցնես։ Սա, մասնավորապես, վերաբերում է Իսրայելի՝ Հոլոքոստի հիշեցման մասին քաղաքականությանը։ 1960-ականներին Գերմանիան առաջարկել էր ապամոնտաժել համակենտրոնացման բոլոր ճամբարները՝ որպես վատ հիշողություն, որպես առաջին մոդել՝ միասին մոռանալ, բայց Իսրայելը չի համաձայնվել, ասելով, որ այս հիշողությունը կկանխարգելի նաեւ հետագայում նմանատիպ ոճրագործությունները։

Արթուր Աթանեսյանը Արթուր Աթանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երրորդ գործիքը կոչվում է «հիշել, որպեսզի մոռանաս»։ Այս մոդելը կարելի է ցուցադրել մի մարդու կյանքի օրինակով։ Մարդը մեղքերի թողություն է խնդրում, խոստովանում է իր սխալը, եւ եթե թողություն ստացավ, կարող է դա մոռանալ։ Օրինակ՝ Թուրքիան դիմում է Հայաստանին, ընդունում է իր մեղքը, սա այն է, ինչ մենք տասնամյակներ շարունակ պահանջում ենք։ Իհարկե, այսօրվա համատեքստում դա կարող է ավելի դժվար լինել, բայց մինչ այդ կիրառելի էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկխոսության հետ կապված կա նաեւ «միասին հիշելու» մոդելը։ Երկու կողմերը հավասարապես մեղավոր են պատմական այս կամ այն իրադարձության համար եւ որոշում են փոխօգնության կարգով հիշեցնել միմյանց՝ ինչ են արել եւ զգան, որ հավասարապես մեղավոր են եւ այլեւս միմյանց չմեդադրեն։ Այս մոդելը կարելի է կիրառել նաեւ դրական իմաստով։ Օրինակ՝ միասին  հաղթել ենք Երկրորդ համաշխարհայինում։ Միմյանց հիշեցնելով այդ հաղթանակը՝ մենք թույլ չենք տալիս, որ այն մոռացվի, միմյանց պաշտպանում ենք նաեւ հիշողության տարածության մեջ։ Ազգին, պետությանը միշտ պետք են այդպիսի դաշնակիցներ։

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

 

Մարդկայի եւ ժողովուրդների կյանքում ապաշխարությունը շատ կարեւոր գործիք-բանալի է՝ պատմությանը վերաբերվելու համար։ Նախեւառաջ քո սխալները պետք է վերհանես, հետո կարիք ունես տեսնելու քո ուժեղ կողմերը, սխալներից հրաժարումը եւ ուժեղ կողմերի զարգացումը շատ կարեւոր է։ Եթե մենք ուզում ենք իսկապես պատմությունից քաղել այն, ինչ պատմությունն իրականում ուզում է մեզ փոխանցել դրական առումով, պետք է մաքրենք կարեւորն անկարեւորից, մաքրվելու ճանապարհով գնանք դեպի պատմություն, որպեսզի տեսնենք այն առաքինությունները, արժեքները, որոնցով կարող ենք իրագործվել մեր կյանքում, համախմբվել։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին