Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի 3 փուլով - Mediamax.am

950 դիտում

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի 3 փուլով


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից եւ կիրականացվի 3 փուլով։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ առաջին փուլով՝ հունիսի 12–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ.

 

-    սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է` տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին եւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչեւ հունիսի 25-ը ներառյալ)։

 

-    տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.

 

-    ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:

 

Վերջին երկու կետի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

 

Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։

 

Երկրորդ փուլով՝ հունիսի 27–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

 

Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

 

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

 

«Երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

 

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով գործարկվել է stugum.emis.am կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու եւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին