Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները:
Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:
Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։
Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Դասընթացը կմեկնարկի 2023թ. սեպտեմբերին և կավարտվի 2024թ. հուլիսին: Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
Դիմում (լրացվում և հանձնվում է առցանց, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Ինքնակենսագրություն (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Երկու լուսանկար (3.5x4.5սմ, անձնագրի ձևաչափին և դիմորդի տարիքին համապատասխան՝ ի լրումն դիմումին կցված նույն ձևաչափի էլեկտրոնային լուսանկարի),
Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,
Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների համար),
Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ http://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 17-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.
1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա
2) ապրիլի 17-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.30-17.30:
Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620253 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: