Մշակվում է ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման նոր բանաձեւը - Mediamax.am

1950 դիտում

Մշակվում է ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման նոր բանաձեւը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը եւ Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

 

Կարեւորելով համագործակցությունը մասնավոր ոլորտի ընկերությունների հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ քննարկման փուլում է «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը: Նախագծում առանձնահատուկ շեշտադրվել են նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:

 

Արաքսիա Սվաջյանը մատնանշել է ՄԿՈՒ հաստատությունների եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները:

 

«ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման եւ շարունակական զարգացման խնդիրը: Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Այսօր արդեն կարող ենք վստահ խոսել կուտակված դրական փորձի եւ գոհացնող արդյունքների մասին եւ փաստել՝ պետական ու մասնավոր կառույցների միջեւ համագործակցությունը կարեւոր դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ: Դրանք պետք է հաղթահարենք մասնավոր հատվածի հետ աշխատելու նոր ձեւաչափեր գտնելու ճանապարհով: Մասնավոր հատվածը, այսինքն՝ գործատուները, ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են՝ առանց որոնց այս ոլորտը չի կարող զարգանալ: Պետք է փորձենք գտնել մեխանիզմներ՝ համատեղ առաջ գնալու ու զարգանալու համար»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

 

Արմենուհի Պողոսյանը կարեւորել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակում համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ՝ նշելով իրականացվող մի շարք բարեփոխումները, որոնք ուղղված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման նոր բանաձեւը:

 

Վերներ Թութի խոսքով՝ կրթական համակարգը երկրի բարեկեցության համար առանցքային նշանակություն ունի: Նա  նշել է, որ քայլեր են արվում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման եւ արդիականացման ուղղությամբ.

 

«Զարգացնելով դուալ կրթության համակարգը՝ մենք կնպաստենք երկրի տնտեսության աստիճանական զարգացմանը»:

 

Վերներ Թութը տեղեկացրել է, որ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը կգումարվի 6 ամիսը մեկ անգամ՝ ծրագրի գործողություններն ու արդյունքները քննարկելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին