STEM ոլորտին կհատկացվի անվճար ուսուցման ընդունելության տեղերի թվի 55%-ը - Mediamax.am

1065 դիտում

STEM ոլորտին կհատկացվի անվճար ուսուցման ընդունելության տեղերի թվի 55%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար եւ վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։

 

Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով:

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս նախատեսվել է 2023-2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը տնտեսության զարգացման համար:

 

Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

 

Այս տարի եւս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ):

Հաշվի առնելով նաեւ 2022-2023 ընդունելության մրցույթի արդյունքները հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022-2023 ուստարվա համար հատկացված 22.300 տեղերը պակասեցնել 6000-ով եւ այս տարի հատկացնել  16.300 վճարովի տեղ:

 

Ընդունելության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչեւ փետրվարի 15-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին