Ոչ ֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել - Mediamax.am

1483 դիտում

Ոչ ֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 1-ին Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել:

 

Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի եւ  դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց  գնահատման, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները եւ ընթացակարգերը:

 

Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու եւ տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

 

Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու եւ կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի եւ կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը կսահմանի Կառավարությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին