Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ - Mediamax.am

1364 դիտում

Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում փոփոխություն է եղել, համաձայն որի՝ դիմորդը ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար եւ հունիս-հուլիս ամիսներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միեւնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին կմասնակցի քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:

 

Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում եւ հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը՝ միասնական քննությունների հանձնում:

 

Միասնական քննություններ տեղի կունենան նաեւ ամռանը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ամռանը քննություններ հանձնելու համար տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտողները, ինչպես նաեւ նախորդ տարիների շրջանավարտները պետք է իրականացնեն քննական առարկաների առցանց հայտագրում:

 

Օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտածները, զորացրված կամ տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները քննական առարկաների առցանց հայտագրում կարող են իրականացնել հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում:

 

Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը:

 

Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչեւ վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին