«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ Ամերիկյան համալսարանը կհամագործակցեն - Mediamax.am

2052 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ Ամերիկյան համալսարանը կհամագործակցեն


Լուսանկարը` AUA


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջեւ կնքված համաձայնագրով հիմնադրամի աշխատակիցները կկարողանան ուսանել ՀԱՀ-ի մագիստրոսական կրթական ծրագրերում:

Ուսումնառության հետ կապված ծախսերը հոգալու համար նրանք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից կրթաթոշակ կստանան:

 

Իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է մասնագետների, վերապատրաստում,  անհրաժեշտության դեպքում նրանց ապահովում մանկավարժական կրթությամբ։ Այդ մասնագետները երկամյա ժամկետով գործուղվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համայնքներ, որտեղ, ուսուցիչների պակասի պատճառով, երեխաները զրկված են հավասար կրթական հնարավորություններից: Բացի այդ, հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում հարյուրավոր երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց հետագա գործունեությունը կազմակերպել հենց դասավանդման ոլորտում՝ համագործակցելով պրոֆեսիոնալ մանկավարժական որակավորում տրամադրող բուհերի հետ։

 

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ առհասարակ մեր երկրի կարեւորագույն ռեսուրսը մարդիկ են, եւ մենք  մեր պարտքն ենք համարում հնարավորությունների սահմանում ներդրում կատարել կարողությունների զարգացման մեջ՝ մասնագիտական եւ անձնային աճի նոր հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքականության շրջանակում»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

 

ՀԱՀ-ը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակիցներին առաջարկել է ուսանել 10 մագիստրոսական կրթական ծրագրերից յուրաքանչյուրում՝ գործարարությունից եւ տնտեսագիտությունից մինչեւ հումանիտար եւ հասարակական գիտություններ, առողջապահական գիտություններից մինչեւ բնագիտություն եւ ճարտարագիտություն։

 

«Մենք ուրախ ենք այս նախաձեռնության շրջանակներում համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Իր աշխատակիցներին հնարավորություն տալով շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ողջունելի քայլ է անում»,- ասել է ՀԱՀ նախագահ, դոկտոր Կարին Մարկիդեսը:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) համատեղ ջանքերով 2022 թվականի սեպտեմբերից ԵՊՀ Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում ընդունելություն կսկսվի նաեւ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրով՝ նպատակ ունենալով մասնագետներին փոխանցել մանկավարժության ոլորտում առկա ժամանակակից եւ նորարարական մոտեցումներն, ինչպես նաեւ բարձրացնել մանկավարժի մասնագիտության գրավչությունն երիտասարդների շրջանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին