Երեւան, Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ այս տարվա ընթացքում դասախոսների աշխատավարձերը չեն բարձրացվի:
Այս մասին Արմեն Աշոտյանն ասել է` պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, թե բարձր գնաճի պայմաններում չեն բարձրացվելու արդյո՞ք ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձերը:
“Դասախոսների աշխատավարձը գոյանում է վճարովի ծառայության ֆոնդից: Այս առումով 2011-ը ճգնաժամային է, քանի որ շրջանավարտներ չեն լինելու եւ ընդունելության քանակը լավագույն դեպքում նվազելու է երեք անգամ: Սա աշխատավարձերը բարձրացնելու լավագույն տարին չէ: Իսկ ուսուցիչներին 5 տարվա ընթացքում ատեստավորման արդյունքում կշնորհվեն տարակարգեր, եւ բարձր տարակարգ ունեցող ուսուցիչները կստանան հավելավճարներ”,-ասել է նա:
Անդրադառնալով տնօրենների հավաստագրման գործընթացին` ԿԳ նախարարն ասել է, որ «գործընթացը չի կարելի վարկաբեկել կամ կատարյալ համարել» եւ հավելել, որ ի հայտ եկած թերությունները շտկվում են:
















