ԿԳՄՍ նոր նախագծով դիմորդը կարող է միայն 1 մասնագիտություն հայտագրել - Mediamax.am

2819 դիտում

ԿԳՄՍ նոր նախագծով դիմորդը կարող է միայն 1 մասնագիտություն հայտագրել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» կառավարության 2012 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական եւ լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար եւ վճարովի) հայտագրմամբ:

 

Գործող կարգի համաձայն՝ դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտություն: ԿԳՄՍ-ից հայտնում են, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում:

 

Առաջարկվող կարգով՝ դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի եւ մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները:

 

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

 

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, եւ այդ մասնագիտություններում (անվճար եւ վճարովի) առկա են թափուր տեղեր:  

 

Նախագծով նաեւ ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող եւ անցկացնող Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին