Նոր գիրք՝ պատմությունը վերլուծելու ու կուռքեր չփնտրելու մասին - Mediamax.am

exclusive
7211 դիտում

Նոր գիրք՝ պատմությունը վերլուծելու ու կուռքեր չփնտրելու մասին


Զոհրաբ Գեւորգյանը, Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը
Զոհրաբ Գեւորգյանը, Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալին Սաղդասարյանը
Թալին Սաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զոհրաբ Գեւորգյանը
Զոհրաբ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զոհրաբ Գեւորգյանը
Զոհրաբ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պարադիգմա» կրթական հիմնադրամը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը համատեղ պատրաստել են նոր հրատարակություն՝ «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս»: Այն բոլորին՝ ուսուցիչներին, սովորողներին, ծնողներին, առաջարկում է պատմություն առարկան դիտարկել այլ տեսանկյունից: Առարկայի ուսուցման հիմքում դնել ոչ միայն կարեւոր տարեթվերն ու իրադարձությունները հիշելու սկզբունքը, այլ վերլուծելու հմտությունները:

 

«Եթե ուզում ենք ավելի խորությամբ հասկանալ ինքներս մեզ, իրադարձությունները, պետք է կարողանանք պատմությունն անգիր անելուց անցնենք վերլուծելու: Դա մեզ մեկնաբանելու, վերլուծելու հմտությունների զարգացման հնարավորություն կտա: Այսօր էլ տեղի են ունենում իրադարձություններ, երբ մարդիկ հղում են անում պատմական դեպքերին, ասում են՝ պատմությունից դասեր քաղեք: Բայց եթե մենք պատմությունը չկարողանանք վերլուծել, դասեր քաղելու բաղադրիչը կմնա լավ ցանկություն»,- ասում է «Պարադիգմա»-ի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը:

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, որն առաջարկում է պատմությունը դարձնել մեկնաբանելի: Տեսական մասից բացի, որի հեղինակը Լոնդոնի համալսարան-քոլեջի պատմության ուսուցման պրոֆեսոր Արթուր Չափմանն է, ներկայացված է 60 ռազմավարություն: Դրանք մշակվել են անգլիացի պատմաբան Ռասըլ Թարի աշխատության հիման վրա եւ համապատասխանեցվել  հայաստանյան կրթական միջավայրին:

 

Պատմության ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գեւորգյանն ասում է, որ ռազմավարությունները տեղայնացնելիս՝ ամենադժվարը հայոց պատմության մեջ համապատասխան իրադարձություն գտնելն էր:

 

«Նստում ու մտքով 5000 տարին թերթում էի՝ սա չի լինի, սա հարմար չի... այ Արտավազդի դեպքում կաշխատի, դրամայի մեջ տեղավորվում է: Շատ դժվար էր, բայց հենց դա ստացվում էր, մնացածը դառնում էր երկրորդական»:

 

Պատմությունն ուսումնասիրելու համար գրքի հեղինակները նաեւ այլ առարկաների՝ մաթեմատիկայի, աշխարհագրության, արվեստի, գրականության հնարավորություններից են օգտվել՝ ներառելով նաեւ վիզուալ նյութեր:

 

«Գիրքը բավականին հարուստ գործիքակազմ է առաջարկում, սովորեցնում է, թե ինչպես կարելի է քարտեզն օգտագործել՝ ժամանակը վերլուծելու համար: Կա ռազմավարություն, որն առաջարկում է  փոփոխություններն ուսումնասիրել անձերի միջոցով: Օրինակ, ունենք կերպարային քարտեր, որտեղ Առաջին հանրապետության կամ դրան հաջորդած դեպքերն ուսումնասիրվում են այդ ժամանակի կերպարների կյանքի տեսանկյունից: Դա շատ շոշափելի է դարձնում պատմության ուսումնասիրությունը:

Զոհրաբ Գեւորգյանը Զոհրաբ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բազմաբնույթ է մաթեմատիկայի գործիքակազմը: Օրինակ՝ վեննի դիագրամների օգտագործումը թույլ է տալիս համադրել տարբեր տեսանկյուններ, ստանալ տարբերություններ եւ նմանություններ: Բավականին շատ են աղբյուրների հետ աշխատանք պահանջող ռազմավարությունները: Սովորողները կկարողանան դասագրքում նկարագրվածից բացի աշխատել առաջնային՝ պատմիչի աղբյուրի կամ, օրինակ, հնագիտական պեղման արդյունքների հետ: Կարելի է պատմությունն ուսումնասիրել ցույցերի պաստառների միջոցով. վերցնել որեւէ ժամանակահատված, վերլուծել ցույցերի պաստառները եւ տեսնել, թե ինչպես են դրանք փոխվում: Երեխան մտավոր աշխատանք է կատարում, եւ ոչ թե ուղղակի անգիր անում»,-ասում է Նարեկ Մանուկյանը:

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ աշակերտներն ուսումնասիրում են, օրինակ, հելենիզմը, իրենց առաջարկվում է խմբով շրջել Երեւանում ու փորձել գտնել հելենիստական մոտիվներ՝ կամարներ, սյուներ: Իրենք սկսում են նկատել բաներ, որ երբեք չեն նկատել, լուսանկարում են, սկսում են իրենց շրջապատն արժեւորել: Կամ, օրինակ, ուսումնասիրում են սովետական գործարանները, այլ կառույցներ, թե ինչու, ինչպես են դրանք քանդվել: Այդ միկրոպատկերի վրա ստեղծում են համապատկեր: Իրենք շատ կարեւոր հմտություն են զարգացնում՝ մասնավոր օրինակով տեսնել ընդհանուրը, պրոցեսին նայել վերեւից, մի բան, որը մեր հասարակությանը շատ է պակասում»,- նշում է Զոհրաբ Գեւորգյանը:

 

Գիրքը կազմվել է հայաստանյան դպրոցներում պատմության դասավանդման խնդիրները վերհանելու արդյունքում: Զոհրաբ Գեւորգյանն ասում է՝ պետք է սկսել կարեւոր հարցից՝ ինչի՞ մասին է պատմությունը: Այն ոչ թե անցյալն է ուսումնասիրում, այլ ժամանակը՝ մեզ ամենաշատ կառավարող երեւույթը, որի հետ պետք է համագործակցել, գնահատել, հասկանալ:

 

«Պատմական նյութն օգտագործելով, զարգացնելով՝ մարզում ես այլընտրանքային մտածողությունը, եւ դա կոտրում է ճակատագրապաշտությունը, ֆատալիզմը, որ մեկ է՝ էդպես պետք է լիներ, ինչ էլ անենք, բան չի փոխվելու:

 

Մեր սովորողները չունեն մեխանիզմ, որ կարողանան ընկալել հազար կամ հարյուր տարի առաջ եղածը: Պետք է հստակ գործիքներ տալ, որ հասկանան՝ 1915 թվին, եթե նույնիսկ համացանց լիներ, ֆեյսբուք լիներ ու բոլորը «շեյր» անեին, Ցեղասպանությունը չէր կանխվելու, բոլորը չէին փրկվելու: Ժամանակի հեռավորությունից նաեւ կանխվում է այդ ամբարտավան մոտեցում, թե՝ թող փրկվեին: Սկսում են հասկանալ, ապրումակցել իրար, կոնֆլիկտը հեռանում է»,- նշում է պատմաբանը:

Զոհրաբ Գեւորգյանը Զոհրաբ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս»-ը նախատեսված է բոլորի համար: Ռազմավարություններն ու օրինակներն այնպես են մշակվել, որ դրանք կատարելու համար ուղղորդման, օգնության կարիք չլինի: Միեւնույն գործողությունը կարելի է զարգացնել ու դարձնել երկարաժամկետ նախագիծ կամ ընդամենը մեկ դասի նյութ:

 

Հիմնադրամը նպատակ ունի փոխել պատմության ուսումնասիրության միջավայրը, պատմությունը բերել մեկնաբանության, վերլուծության դաշտ: Մոտ 300 էջանոց գրքի հրատարակությունն առաջին քայլն է: Շարունակությունը կորոշեն, երբ հասկանան՝ գիրքն ինչպես ընդունվեց: 2000 տպաքանակի զգալի մասն Արցախի եւ Հայաստանի դպրոցների պատմության ուսուցիչներին են փոխանցելու: Հուսով են՝ գիրքը կհետաքրքրի նաեւ ապագա մանկավարժներին:

Թալին Սաղդասարյանը Թալին Սաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ուսուցիչները, հիմնականում, օգտվում են նոր բան սովորելու հնարավորությունից, պարզապես այդ հնարավորությունները քիչ են: Մենք իրենց հետ պետք է աշխատենք, բայց ոչ թե ասենք՝ սկզբում այս քայլն արա, հետո՝ մյուսը, որովհետեւ ամեն ինչ շատ մանրամասն գրված է: Փորձելու ենք իրենց բացատրել, որ սա նպաստելու է աշակերտի մեկնաբանողական կարողությունների զարգացմանը, որ մեթոդներում չկա սխալ կամ ճիշտ պատասխան, որ աշակերտի ցանկացած պատասխանի հիման վրա կարելի է քննարկում սկսել, ինչ-որ բան կառուցել»,- ասում է «Պարադիգմա» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Թալին Սաղդասարյանը:

 

Գիրքը կազմել են թիմային աշխատանքի, երկար քննարկումների արդյունքում: Ասում են՝ հաշվի են առել ամեն ինչ՝ ոճը, լեզուն, քայլերի հաջորդականությունը, նաեւ գրքի շապիկի ձեւավորումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հետեւի մասում պատկերված է Արտո Չաքմաքչյանի «Ժամանակի միջով» քանդակը, որովհետեւ մենք տալիս ենք գործիքակազմ՝ ժամանակը հասկանալու, ժամանակի միջով գնալու: Իսկ գրքի երեսին պատկերված է Չաքմաքչյանի մյուս քանդակը՝«Ամբոխը եւ իր կուռքը», որը եւս բավականին սիմվոլիկ է: Եթե մենք չկարողանանք պատմության, ժամանակի հետ աշխատելու հմտությունները ձեւավորել, ապա մեծ հավանականությամբ կվերածվենք ամբոխի, որը պարբերաբար կուռքեր կփնտրի»,-ասում է Նարեկ Մանուկյանը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին