Երեւանում առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց կլինի - Mediamax.am

5929 դիտում

Երեւանում առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց կլինի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2019-ի մայիսի 15-ին՝ ժամը 09:00-ին, կգործարկվի Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային գրանցման համակարգը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են համակարգում գրանցման գործընթացի մանրամասներն ու նպատակները:  

 

Ինչո՞ւ

 

Առցանց համակարգի գործարկման նպատակն է բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ, ապահովել թափանցիկություն, հարմարավետություն եւ բացառել արտոնյալ դպրոցներ ու ծնողներ ունենալու փաստը: 

 

Բոլոր ծնողների համար կապահովվեն հավասար մեկնարկային պայմաններ. յուրաքանչյուր ծնող իր երեխային կարող է ընդունել Երեւան քաղաքի ցանկացած պետական դպրոց: Նախկինում ծնողները չէին կարող իմանալ, թե իրենց ուզած դպրոցում քանի տեղ է ազատ, մինչդեռ նոր համակարգն այդ հնարավորությունն ընձեռում է: 

 

Ծրագիրը փորձնական է, այն մշակվել է միայն Երեւանի պետական հանրակրթական դպրոցների համար, հետագայում նախարարությունը նպատակ ունի ընդլայնելու ծրագրի հնարավորությունը Հայաստանի բոլոր մարզերի համար: 

 

Ինչպե՞ս 

 

Անհրաժեշտ է մուտք գործել hayt.emis.am կայքը, ընտրել համայնքը, դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր եւ սեղմել «ավելացնել հայտ» կոճակը: Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ այդ դպրոցում ազատ տեղեր չկան եւ պետք է ընտրել այլ դպրոց: 

 

Հաջորդ քայլը ծնողներից մեկի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելն է, ապա ծնողի անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, որից հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը: 

 

Հաջորդ քայլում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը: Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ: Տեղեկությունը ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլեկտրոնային փոստին կուղարկվի ծածկագիրը: 

 

Ծածկագիրը պետք է տեղադրել վերեւի պատուհանում, ինչը թույլ կտա մուտք գործել ծնողի համար ստեղծված էջ եւ տեսնել դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դրանք դպրոց ներկայացնելու ժամկետը:

 

15-օրյա սահմանված ժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի: Հնարավորություն կա նաեւ սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, այդ դեպքում փաստաթղթերը դպրոց ներկայացնելու վերջնաժամկետը կլինի 10 օր: 

 

Հաճախակի տրվող հարցեր

 

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք մինչեւ 2019-ի սեպտեմբերը չեն գտնվի Հայաստանում, լիազորագրի միջոցով կարող են գործընթացը կազմակերպել: ԿԳՆ-ն վստահեցնում է, որ հաշվի են առնվել բոլոր հնարավոր անհարմարությունները եւ բոլորի համար փորձել են ապահովել հնարավոր լուծումներ: 

 

Այս տարի նախատեսված է ունենալ 14 358 առաջին դասարանցի, նախարարությունը կանխատեսում է 13 հազ-ից մի փոքր ավելի առաջին դասարանցիների հայտագրումներ: 

 

Այն ծնողները, որոնք դժվարություն կունենան համացանցի միջոցով հայտագրելու երեխային, կարող են դիմել հատուկ կենտրոնների օգնությանը: Շահերի բախումից խուսափելու համար յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց կգործի որպես կենտրոն: Նախարարությունը շեշտում է՝ այս կենտրոնները կգործեն ծայրահեղ դեպքերի համար, երբ ծնողն իսկապես մեծ դժվարություն ունի գրանցելու երեխային: Համակարգից օգտվելը, ըստ նախարարության աշխատակիցների, բարդ չէ, հետեւաբար՝ կոչ են անում բոլորին ուշադիր հետեւել ժամանակահատվածին ու հասցնել գրանցումը: 

 

Այլ տեղեկություններ 

 

Հարցերի եւ հավանական խնդիրների համար կգործի թեժ գիծ՝ 010 52 73 43, 010 57 84 55, 010 52 47 77 հեռախոսահամարներով: 

 

Վաղն առավոտից կգործի stugum.emis.am, որտեղ ծնողը կարող է մուտք գործել եւ նախօրոք ստուգել՝ իր եւ իր երեխայի տվյալները՝ մուտքագրելով միայն հանրային ծառայությունների համարանիշը: Համակարգը ստուգում է նաեւ ծնող-երեխա կապը, որպեսզի որեւէ այլ անձ այլ երեխայի չկարողանա հայտագրել: Ծնողազուրկ երեխաների դեպքում երեխային պետք է հայտագրի խնամակալը: 

 

Առավելություններ չեն տրվելու 

 

Հանրակրթության մասին օրենքը չի սահմանում տարածքային առավելություն որեւէ ծնողի համար: Ըստ օրենքի, յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր ընտրությամբ երեխային ընդունել ցանկացած դպրոց: 

 

Հնարավոր խնդիրների բոլոր տարբերակները դիտարկվել են: Առավելություններ տալու դեպքերը, ըստ ԿԳՆ-ի, շատ են. օրինակ, հնարավոր է՝ ծնողը ուզենա երեխային հայտագրել տան կամ ծնողի աշխատավայրին մոտ գտնվող դպրոցում: Նախարարությունը փորձել էր նման դեպքերի համար առավելություններ սահմանել, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունն իրավունքի հավասարության պատճառով խորհուրդ է տվել որեւէ առավելություն չտալ որեւէ ծնողի: 

 

Ծնողների համար նախատեսված է լայն իրազեկման ժամանակահատված, շուտով կպատրաստվի նաեւ սոցիալական տեսահոլովակ, թե ինչպես հայտագրել երեխային:  Բոլորը հնարավորություն ունեն՝ նույն պահին համակարգ մուտք գործելու եւ տվյալ մուտքագրելու: 

 

ԿԳՆ-ն հետեւելու է ամբողջ գործընթացին. առցանց համակարգը հնարավորություն է տալու անգամ րոպեական ռեժիմով տեսնելու եւ հետեւելու, թե ինչ փաստաթուղթ ներբեռնվեցին դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին