Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար 2019թ. մարտի 11-ին կազմակերպվել էր «Տառարվեստի կախարդանքը» սեմինարը: Միջոցառմանը հրավիրվել էին արտասահմանցի եւ տեղացի մասնագետներ, որոնք խոսեցին գրաֆիկական դիզայնի եւ, մասնավորապես, տառատեսակների մասին:
Այս օրերին տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանում են չեխ սթրիթ-արտիստ Թոմաս Յունկերն ու լեհ գրաֆիկական դիզայներ Յան Միխալովսկին: Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը եւ նրա գործընկերները որոշել էին հրավիրել երկու մասնագետներին եւ գեղանկարիչ Ռուբեն Մալայանին՝ մեկօրյա դասընթաց վարել ուսանողների համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թոմաս Յունկերը Հայաստան է եկել Visual Gap Gallery-ի կողմից կազմակերպված «Երեւան Ուրբան Արթ Փառատոն 2019»-ին մասնակցելու նպատակով: Համալսարանը փառատոնին աջակցում է՝ լսարաններ ու նյութեր տրամադրելով:
«Տառարվեստի կախարդանքը» սեմինարին Թոմասն ուսանողներին պատմեց իր գրաֆիթիների մասին: Երկու օր առաջ է ժամանել, դեռ չի հասցրել լավ ծանոթանալ մեր քաղաքին։ Սթրիթ արթի նմուշներ աչքով շատ չեն ընկել, ըստ նրա, կամ ճիշտ վայրում դեռ չի եղել, կամ էլ քաղաքում դրանք բացակայում են։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եվրոպական մեծ քաղաքներում մի քանի րոպե զբոսնելով՝ նկատում ես տասնյակ գրություններ ու պատկերներ, որոնց մտապահելով հիշում ես նաեւ տարածքը ու հետագայում փորձում ես կողմնորոշվել նոր վայրում: Այստեղ դեռ նման գործեր չեմ տեսել»,- ասում է Թոմասը։
«Երեւանն ափսոս է փոքր ու ոչ պրոֆեսիոնալ գրաֆիտիներով լցնելու համար, լավ կլիներ, եթե հրավիրեիք մի քանի պրոֆեսիոնալ սթրիթ արտիսների, որոնց գործերը կարող են լավ օրինակներ լինել հետագայում այս արվեստն այստեղ զարգացնելու համար», - ասում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուբեն Մալայանը ներկայացրեց հայկական գեղագրության (կալիգրաֆիա) ավանդույթները՝ կարեւորելով մանրանկարչության ու գեղաղրության տարանջատումը: Նրա խոսքով՝ եթե մանրանկարչության մասին հարուստ տեղեկություններ կան ու այն լավ ուսումնասիրված է, գեղագրության մասին նյութեր գրեթե չկան: Մանրանկարչության հիմնական գործառույթը տառը զարդարելն է, իսկ գեղագրությունն անդրադառնում է տառի ձեւին՝ այն պետք չէ շփոթել նաեւ գեղեցիկ ձեռագրի հետ:
Ռուբեն Մալայանը խորհուրդ տվեց ուսանողներին ուսումնասիրել հայկական գեղագրությունը՝ սկսելով Հայաստանի Ազգային գրադարանից, որը գտնվում է Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի
անմիջական հարեւանությամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երրորդ խոսնակը Յան Միխալովսկին էր, որը նույն ծրագրով Հայաստան երկրորդ անգամ է գալիս: Եվրոպական Erasmus+ փոխանակման ծրագրի շնորհիվ նա մեկ շաբաթ դասախոսություններ է վարելու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում: Նախորդ տարի նրան Հայկական պետական մանկավարժական համալսարանն էր հրավիրել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Միջոցառմանը Յանը պատմեց 1950-ականներին Լեհաստանում ձեւավորված Polish School of Posters շարժման մասին: Շարժումն այդ թվականներին շատ կարեւոր էր, որովհետեւ պաստառների լեզվով խոսելը հնարավորություն էր տալիս բնակիչներին ազատ արտահայտելու իրենց ցանկությունները:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: