Միջին մասնագիտական կրթությունը՝ նոր «փաթեթավորմամբ» - Mediamax.am

exclusive
3666 դիտում

Միջին մասնագիտական կրթությունը՝ նոր «փաթեթավորմամբ»


Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` Հայաստանի Ամերիկյան համալսարան

Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` AEGEE-Yerevan

Արայիկ Հարությունյանը եւ Գագիկ Ջրբաշյանը
Արայիկ Հարությունյանը եւ Գագիկ Ջրբաշյանը

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` Արցախպրես


Մարտի 11-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը հուշագիր կնքեցին, որի համաձայն Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաեւ ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Նախարարն ասել է, որ «արդյունքում ժամանակակից սարքերով եւ տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ եւ նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն եւ հմտությունները»: 

 

Արայիկ Հարությունյանը եւ Գագիկ Ջրբաշյանը Արայիկ Հարությունյանը եւ Գագիկ Ջրբաշյանը

Լուսանկարը` ԿԳՆ

 

Ինչպես անել, որ աշխատանք փնտրող մի քանի հարյուր իրավաբանի, լրագրողի ու տնտեսագետի կողքին ունենանք պահանջված ու երբեմն չճարվող գազաեռակցող, փականագործ կամ կաթնամթերքի արտադրության տեխնոլոգ։

 

Կառավարության 2019 թվականի ծրագրում մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները երկու կետով են ներկայացված․ 

 

- կրթական ծրագրերի արդիականացում` ուղղված տնտեսության եւ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին,

 

- նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության եւ ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել եւ ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։

 

2018/2019 ուսումնական տարում 44 արհեստագործական եւ 78 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել է 10 738 մարդ։ Վերջին 6 տարում այս թիվը տատանվում է շուրջ 9-13 հազարի միջեւ։ 

 

Ելնելով տարածքային զարգացման առաջնահերթություններից՝ պարբերաբար վերանայվում են ուսուցանվող մասնագիտությունները. ներդրվում են նորերը կամ դադարեցվում  է աշխատաշուկայում պահանջարկ չունեցող մասնագիտությունների ուսուցումը: Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում ՏՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտներն են։ Այս ուսումնական տարվանից փորձնական ներդրվելու է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը:

 

Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների մասին Մեդիամաքսը զրուցել է կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ։

 

Դուալ կրթությանը՝ առաջնահերթություն

 

Այսօր 4 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում 5 մասնագիտության գծով իրականացվում է դուալ կրթություն։ Այսինքն՝ անձը սովորելու ընթացքում կրթության մի մասը շարունակում է որեւէ գործատուի մոտ՝ լինելով այդ կազմակերպության աշխատակցի փորձնակը։ Ստացվում է, որ ակադեմիական կրթության ամենակարեւորը մասը՝ պրակտիկ հմտությունները, ինչից դժգոհում են գործատուները, տրամադրվում է։ Մենք նպատակ ունենք որքան հնարավոր է ընդլայնել դուալ կրթությունը։ 

 

Հայաստանը միացել է World skills նախաձեռնությանը, որի շրջանակում տարբեր ծրագրեր են իրականացվում։ Այն ենթադրում է, որ անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները սովորողը ձեռք է բերում հենց ուսումնառության ընթացքում։

 

Արեւիկ Անափիոսյանը Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` AEGEE-Yerevan

 

Այստեղ շատ կարեւոր է ուսումնական հաստատության եւ գործատուի միջեւ համագործակցությունը, որը հիմնավորվում է փաստաթղթերով։ Օրինակ, կարի որեւէ ֆաբրիկա կարող է դազգահ տեղադրել ուսումնական հաստատությունում, եւ ուսանողները, դրա վրա աշխատելով, ձեռք կբերեն հմտություններ։ Ավարտելուց հետո այդ ֆաբրիկան, պայմանավորվածության համաձայն, օրինակ, հինգ հոգու կվերցնի իր մոտ աշխատանքի։

 

Գործատու-կրթական համակարգ կապը

 

Երկու խնդիր ունենք լուծելու։ Առաջին՝ գործատու-կրթական համակարգ միմյանց կապելն է, որպեսզի կրթական հաստատություններն իրենց կրթական ծրագրերի մշակման, վերամշակման փուլում ընդգրկեն գործատուների այսօրվա պահանջները։ 

 

Երկրորդ՝ գործատուները կամ կազմակերպությունները պետք է իրենց զարգացման ռազմավարությունը բացեն եւ տան կրթական հաստատությանը՝ պայմանական ասելով՝ «ես հիմա գինի եմ արտադրում, բայց ուզում եմ 3 տարի հետո կոնյակի արտադրություն ունենալ»։ Այդ դեպքում մենք կկարողանանք կրթական համակարգում համապատասխան փոփոխություններ անել այսօր, այսօրվանից սկսել մասնագետներ պատրաստել, որ երեք տարի հետո բավարարենք  աշխատաշուկայի պահանջները։ 

 

Մի կողմից կրթական հաստատությունն ասում է՝ ես շատ լավ գիտեմ՝ ինչ է պետք ուսանողին սովորեցնել, մյուս կողմից էլ գործատուն պնդում է, թե ես եմ այս արտադրության տերը, ես գիտեմ՝ ինձ ինչ մասնագետ է պետք։ Բայց իրենք միմյանց հետ շատ քիչ են խոսում։  Հիմա նախարարության համապատասխան վարչությունը ակտիվ աշխատում է գործատուների հետ, հորդորում նրանց, որ համագործակցեն ուսումնական հաստատությունների հետ երկու մակարդակում՝ ինչ հմտություններ են իրենց պետք այսօր եւ ռազմավարական զարգացման հեռանկարում։

 

Հետեւել աշխատաշուկայի պահանջներին

 

Մասնագիտությունների ցանկն ամեն տարի դեկտեմբերին հաստատվում է կառավարության որոշմամբ եւ տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխության։ Մեզ անընդհատ դիմում են նոր մասնագիտություններ ներդնելու կամ դադարեցնելու համար։ Բնականաբար, այդ հարցը քննարկում ենք գերատեսչությունների հետ, փորձում ենք գործատուներից հավաքագրել իրենց կարիքները։ Բայց այդ գործընթացը դանդաղ ենք իրականացնում, որովհետեւ ապագայի աշխատաշուկան դժվար է կանխորոշել։

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գինեգործության ոլորտերում Հայաստանն ունի բավականին մեծ ներուժ։ Բայց ՏՏ ոլորտի կազմակերպությունները հիմնականում դժգոհում են, որ չունեն միջին օղակն ապահովելու հնարավորություն, որովհետեւ շրջանավարտները կա՛մ չեն բավարարում պահանջներին, կա՛մ նրանց կրթությունն ավելի բարձր է, քան պահանջվում է միջին օղակում։ 

 

Լուսանկարը` Արցախպրես

 

Եթե մեր առջեւ խնդիր ենք դրել ՏՏ ոլորտում գործատուների հետ համագործակցությամբ պատրաստել մասնագետներ ու նաեւ գործատուներին ցույց տալ, որ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունեցող անձը համալրի միջին օղակը, դա հնարավոր է անել միջին մասնագիտական կրթությամբ։ 

 

Գյուղատնտեսության ոլորտում կան մասնագիտություններ, որոնք դիմորդը գերադասում է  ձեռք բերել ոչ թե միջին մասնագիտական, այլ բարձրագույն կրթության համակարգում։ Փաթեթավորման խնդիր ունենք, որ կարողանանք հետաքրքրվածներին ուղղորդել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատություններ։ 

 

«Save the children»-ի հետ մասնագիտական կողմնորոշման խմբակի ծրագիր ունենք, որը ներդնելու ենք 10 դպրոցում։ Սկզբում փորձելու ենք ծանոթացնել գոյություն ունեցող մասնագիտություններին եւ հետո ներկայացնել, թե այդ մասնագիտություններն ինչ կրթական հաստատություններում կարելի է սովորել։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին