Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեությունը, որի կապակցությամբ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան:
ՌԴ ԳԱ թղթակից անդամ, գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող կենտրոնի գործունեությամբ բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:
Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ աջակցելու տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:
Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:
Նմանօրինակ կենտրոն գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը: Վերջինը ստանձնել է նաեւ ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման եւ աջակցության գործը:
















