Էրազմուս+․ սովորել արտասահմանում, աշխատել Հայաստանի համար - Mediamax.am

exclusive
24477 դիտում

Էրազմուս+․ սովորել արտասահմանում, աշխատել Հայաստանի համար


Լուսանկարը` EU Neighbours east

Դավիթ Պիպոյանը
Դավիթ Պիպոյանը

Լուսանկարը` EU Neighbours east

Իռենա Գրիգորյանը
Իռենա Գրիգորյանը

Լուսանկարը` EU Neighbours east

Լուսանկարը` EU Neighbours east


Եվրոպական Միությունը հսկայական նշանակություն է տալիս երիտասարդական ծրագրերին, ընդ որում ոչ միայն ԵՄ երկրներում, այլեւ Եվրոպական Հարեւանության։ Երիտասարդական, կրթական, փոխանակման ծրագրերի բազմազանությունն ապացուցում է, որ ԵՄ-ն ապագայի իր հույսերը կապում է կրթված, բազմակողմանի զարգացած եւ միմյանց հարգող երիտասարդների հետ։   

 

Այդ ծրագրերից ամենահինը եւ թերեւս ամենաարդյունավետը Էրազմուսն է, որն այս տարի նշում է իր 30-ամյակը։

 

Դավիթ Պիպոյանը, ով տարիներ առաջ մասնակցել է Erasmus Mundus Alrakis II PhD ծրագրին, շեշտում է, որ Էրազմուսը իրեն ոչ թե տվեց, այլ դարձրեց․

 

«Այն ինձ համար ոչ թե կրթաթոշակ էր, որն ինձ թույլ տվեց արտերկրում ուսանել, այլ Էրազմուսի մեծ ընտանիքի անդամ դառնալու բացառիկ հնարավորություն էր, որը դարձավ կյանքի մի մաս, ավելին՝ կարողացավ փոխել կյանքի հունը, մասնագիտական կողմնորոշվածությունը եւ դարձրեց միանգամայն նոր արժեհամակարգի կրող»։

 

Պիպոյանը երկու անգամ է մասնակցել ծրագրին, եւ երկու անգամն էլ Իտալիայի Տուշայի համալսարանում՝ Ագրոպարենային համակարգերի ինովացիայի եւ կենսատեխնոլոգիաների դեպարտամենտի սննդամթերքի անվտանգության եւ սնուցման լաբորատորիայում որպես դոկտորական հետազոտող՝ Նիկոլո  Մերենդինոյի ղեկավարությամբ:

Դավիթ Պիպոյանը Դավիթ Պիպոյանը

Լուսանկարը` EU Neighbours east

«Մեծ դժվարություններով, սակայն կարողացանք դոկտորանտուրայի բարձրագույն խորհրդին համոզել, որ հետազոտության օբյեկտ հանդիսանա Հայաստանը: Ողջ հիմնավորումն այն էր, որ սննդի սպառման արդյունքում մարդու առողջության ռիսկի գնահատման աշխատանքներ Հայաստանում չեն իրականացվել: Բարեբախտաբար, խորհուրդն ընդառաջեց, եւ երեք տարի արտերկրում աշխատել եմ Հայաստանի համար»:

 

Այժմ Դավիթ Պիպոյանը ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է: Հենց այստեղ է նա կիրառում Իտալիայում ստացված ողջ գիտելիքը:

 

«Եթե հաշվի առնենք միջազգային մարտահրավերները եւ գիտելիքի փոխանցման կարեւորությունը, ապա կարող ենք ասել, որ Էրազմուսը ծառայեց իր նպատակին, ստացած ողջ գիտելիքը ծառայում է Կենտրոնին: Դոկտորական ատենախոսությունս պաշպանել եմ Հռոմի կենսաբժշկության համալսարանում եւ ստացել սննդագիտության դոկտորի կոչում, բայց անգամ եթե դիպլոմս «գողանան», միեւնույն է, այն հուշերը, որոնք ինձ ուղեկցում են ամեն օր, ինձնից վերցնել չեն կարող»:

 

 

Քրիստինա Սարգսյանը, ով մասնակցել է Erasmus Mundus Master Course-ին, ասում է, որ European Masters in Lifelong Learning: Policy and Management (MA LLL) ծրագրում սկսեց սովորել, երբ մասնագիտական «սանդուղքով» բավականին բարձրացել էր՝ սկսելով դպրոցական եւ համալսարանական դասավանդումից, անցում կատարելով դեպի գործընկերների վերապատրաստում ու որոշ ժամանակ էլ տեղավորվելով սանդուղքի հետազոտական աստիճանին:

 

«Թեեւ միշտ տառապել եմ կատարելապաշտությամբ, երիտասարդության իդեալիզմը թույլ էր տալիս առաջին երկու աստիճանին որոշակիորեն ինքնավստահ զգալ: Իսկ երրորդում կաղում էի. ոլորտային քաղաքականության (policy) վերլուծության համար անհրաժեշտ էր երեւույթների ավելի լայն ընկալում, հայացք վերեւից, որտեղից հնարավոր կլիներ նկատել փոխկապակցվածություններ ու գործոնների փոխ- կամ ոչ- ազդեցություններ: Սակայն այդ անելու համար ինձ՝ կարճատեսիս (նաեւ բառիս բուն իմաստով) գիտելիքի ու փորձի պակասը նեղում էր»:

 

Իռենա Գրիգորյանը 2011-2013 թվականներին ամբողջական կրթաթոշակով Գերմանիայում, Նորվեգիայում եւ Սլովենիայում ուսանել Է Միգրացիա եւ միջմշակութային հարաբերություններ համատեղ մագիստրոսական ծրագրում (European Master in Migration and Intercultural Relations), որն Էրազմուսի առաջին եվրոպական-աֆրիկյան ծրագիրն էր․

Իռենա Գրիգորյանը Իռենա Գրիգորյանը

Լուսանկարը` EU Neighbours east

«Էրազմուսի փորձն անգնահատելի էր ակադեմիական, մասնագիտական եւ անձնական որակներիս զարգացման առումով: Նախ՝ ձեռք բերեցի արդիական եւ առանձնահատուկ մասնագիտություն, որի շնորհիվ կարող եմ աշխատել միգրանտներին, փախստականներին, տեղահանված անձանց, սփյուռքին, ինքնությանը, մշակույթների հաղորդակցմանը վերաբերող ոլորտներում, որոնք այնքան առանցքային են Հայաստանում եւ աշխարհում: Բացի այդ, բարձր եմ գնահատում մասնագիտությունս, քանի որ այն կիրառելի է եւ մարդասիրական, եւ զարգացմանն ուղղված ծրագրերում»:

 

Իռենայի խոսքով, Էրազմուսի փորձը երբեք կրթությամբ չի սահմանափակվում.

 

«Այն քեզ վերաձեւում-վերասահմանում է որպես անհատ, ընդլայնում մտահորիզոնդ, սովորեցնում գնահատել աշխարհի բազմազանությունը, հարստացնում նոր ընկերներով ու ճամփորդ լինելու արտոնությամբ, կոփում ինքնուրույն ու ինքնաբավ ապրելու առումով, սովորեցնում հաշտ ու խաղաղ ապրել այլ մշակույթների ու ինքդ քո ինքնության հետ»:

 

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասում է, որ նոր ծրագիրը, որը գործելու է մինչեւ 20120 թվական, փոխարինում եւ համախմբում է ընթացիկ 7 ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետեւյալ գործողությունները`

 

1․ Անհատների ուսումնական շարժունություն

2․ Նորարարությանը միտված համագործակցություն եւ լավագույն փորձի փոխանակում

3․ Աջակցություն քաղաքական բարեփոխումներին

4․ Ժան Մոնեի գործողություններ

5․ Գործողություններ սպորտի ոլորտում

Լուսանկարը` EU Neighbours east

Նրա խոսքերով, Էրազմուս+-ը նոր հնարավորություններ է տվել երիտասարդներին, այդ թվում հայաստանցի, ուսանել եվրոպական առաջատար բուհերում։ Հայաստանի բուհերը գործնականում միայն 2015թ․ կեսից են միացել ծրագրին, սակայն արդեն այս պահի դրությամբ նախանշված է շուրջ 1000 երիտասարդի մասնակցությունը Էրազմուս+-ի միջոցառումներին։

 

Այս ընթացքում Հայաստանի բուհեր 700 ուսանողներ եւ աշխատակիցներ Եվրոպական Միությունից դրամաշնորհ են ստացել մինչեւ 2018թ․ հուլիսի վերջը Էրազմուս+ ծրագրով սովորելու եւ վերապատրաստվելու նպատակով։

 

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը, իր հերթին, նշում է, որ ծրագրի հայաստանցի մասնակիցների բացարձակ մեծամասնության համար Էրազմուսը կյանքը փոխող փորձառություն է եղել, նրանցից շատերը հենց այս ծրագրի շնորհիվ են կարողացել արտասահմանում կրթվել, ձեռք բերել նոր կապեր, ծանոթություններ օտարերկրյա հասակակիցների շրջանում, ծանոթանալ տվյալ երկրի կրթական մոդելին, զարգացնել լեզվական հմտությունները, ուսումնասիրել այդ երկրի մշակույթը, ավանդույթները եւ ամբողջական պատկերացում կազմել եվրոպական կրթական համակարգի մասին։

 

 

Դավիթ Ալավերդյան

 

Հոդվածը գրվել է EU Neighbours east նախագծի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերն ու կարծիքները հեղինակինն են։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին