UWC Դիլիջան քոլեջը դռներն է բացել 94 նոր ուսանողի առջեւ - Mediamax.am

12467 դիտում

UWC Դիլիջան քոլեջը դռներն է բացել 94 նոր ուսանողի առջեւ


Լուսանկարը` Danil Kolodin/IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan College-ը նոր ուսումնական տարում դռներն է բացել եւս 94 ուսանողի առջեւ, որոնք սկսում են ուսումնառությունը Միջազգային բակալավրիատի (IB Diploma) երկամյա ծրագրով:

2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը:

 

Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից: Նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի:

 

Համալրվել է նաեւ դասախոսական կազմը. հրավիրվել է 17 մասնագետ՝  նոր առարկաների դասավանդման համար:

 

«Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման եւ Միջազգային բակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթության մեջ այսօր ներդրում կատարելով՝  ապագայում խաղաղության, արդարության եւ բարեկեցության հասնելու հույս ենք տածում: Այդ իսկ պատճառով ջանքեր, ժամանակ ու միջոցներ ենք ներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, եւ ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվերափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին եւ ողջ աշխարհին ծառայելու գործին»,- ասել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

 

UWC Dilijan College -ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցը միայն շենքը չեն:

 

«Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ: Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել, եւ UWC-ի ընդունելության բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիս տաղանդավոր, վառ, յուրահատուկ երեխաներ: Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, թեեւ ոչ հեշտ աշխատանք՝ ստանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ բազմամշակութային միջավայրում ապրելու փորձ ձեռք բերել, որը, աշուշտ, կվերափոխի ձեր անհատականությունը: Ուրախ եմ, որ այդ աշխատանքը տարվում է ոչ միայն քոլեջում, այլեւ նրա սահմաններից դուրս, քանի որ UWC Dilijan College-ը Դիլիջան քաղաքի անբաժանելի մասն է: Քաղաքի կյանքում արդեն տեսանելի են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուսանողների եւ տեղի երիտասարդների համագործակցության շնորհիվ եւ, հուսով եմ, այդ արդյունքները կայուն ու երկարատեւ կլինեն»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ այս տարի ամբողջությամբ ավարտվել են շինարարական եւ ներքին հարդարման աշխատանքները ուսումնական եւ բնակելի մասնաշենքերում, եւ ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը բնորոշ բոլոր պայմանները: 

 

2015թ. UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր  մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015»  մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development»  անվանակարգում  (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն դարձել է նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:

 

«Քոլեջի նոր շենքերն ու հնարավորություններն իսկապես հրաշալի են: Մեր այցելուներից շատերեն են նշում, որ կցանկանային երիտասարդ լինել եւ սովորել այստեղ: Քոլեջը տեղակայված է չքնաղ բնություն ունեցող եւ հյուրընկալ երկրում ու ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն նմանատիպ կրթական հաստատություններին: Համոզված եմ, որ մեր ուսանողները ոչ միայն հրաշալի փորձ ձեռք կբերեն, այլեւ բավականություն կստանան ուսումնառությունից ու այստեղ բնակվելուց»,- նշել է Ջոն Փադըֆութը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին